Հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի. Իշխան Սաղաթելյան
Իհարկե, հնարավոր է, որ առաջիկայում ընդդիմությունը փողոցային պայքար սկսի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է համախմբել ուժերը, փոխել օրակարգը և ազատվել սրանցից (իշխանություններից), որպեսզի կարողանանք փրկել երկիրը։ Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակվի բացառապես խորհրդարանական աշխատանքով, այդ պահից առնվազն այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից և նպատակից։ Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովհետև մինչև հաջորդ ընտրությունները մեր երկրից բան չի մնա», - ասաց Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ փողոց դուրս գալու քննարկումներ իրենց մոտ տեղի են ունենում ամեն օր. «Մենք ասել ենք, որ պետք է լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք եւ լուրջ ուժերով շատ ավելի կազմակերպված դուրս գալ: Բոլոր բացթողումները, թերությունները, որ ունեցել ենք, պետք է այնպես անենք, որ հաջորդիվ չկրկնվեն: Ես շաբաթվա կեսը լինում եմ մարզերում, անմիջական հանդիպում ենք մարդկանց հետ, խոսում ենք, բացատրում ենք այն բոլոր խնդիրները, որ գոյություն ունեն:
Մեր գլխավոր խնդիրներից մեկը հասարակության տարբեր շերտերի հետ լիարժեք աշխատանքն է եւ մարդկանց կազմակերպելը: Այս իմաստով մեծ աշխատանք կա անելու, որը մենք անելու ենք, չենք համակերպվելու այս վիճակի հետ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:


