ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ և Սերբիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել զոհված օդաչուների հիշատակին

ՀՀ և Սերբիայի նախագահները հարգանքի տուրք են մատուցել զոհված օդաչուների հիշատակին

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։

ՀՀ նախագահին ու տիկնոջը դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքասանդր Վուչիչը, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահները հարգանքի տուրք են մատուցել զոհված օդաչուների հիշատակին։ Արարողությանը ներկա են եղել նաև զոհված օդաչուների ընտանիքի անդամները։

ՀՀ նախագահն ասել է. «1988-ի աղետալի երկրաշարժը մեծ ողբերգություն էր մեր ժողովրդի համար, ու մենք կրկնակի ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ մեզ օգնության եկած օդաչուներն աղետի են ենթարկվել։ Զոհված օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է, և Հայաստանում, ինքնաթիռի կործանման վայրում, նրանց հիշատակին կանգնեցված է հուշարձան, որը դարձել է հայ և սերբ ժողովուրդների բարեկամության ինքնատիպ վկայություն»:

  • Կիսվել: