ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստան այցելող Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հնդկաստանի հետ հաստատված բազմոլորտ համագործակցության հիմնական ուղղությունները:
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատման կարևորությանը՝ Մնացական Սաֆարյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ՀՀ-ի կողմից գործադրվող շարունակական ջանքերը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: