չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ՀԷՑ-ն առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ․ Պետրոսյան

ՀԷՑ-ն առաջիկա շաբաթներին կառավարության որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ․ Պետրոսյան

Առաջիկա շաբաթների ընթացքում կլինի կառավարության՝ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի հանրային լսումը։ Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։

Պետրոսյանն ասաց, որ կառավարության համապատասխան որոշումից բացի կսահմանվեն մի շարք կարգեր, ընթացակարգեր։

«Դրանք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված, ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատում, շուկայական արժեքի՝ կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերից ծանուցման պատասխանի ստացում, և արդեն ըստ կարգավորումների՝ պետք է գործընթացը հանգեցնի փոխհատուցման տրամադրման՝ շուկայական արժեք +15 տոկոս»,-նշեց նա:

Պետրոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի և Կարապետյանների հետ բացարձակ կոնտակտ չկա։ Ըստ նրա՝ օրինական գործընթացների վերջնարդյունքը ՀՀ ցանկացած քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի համար պարտադիր կատարման ենթակա է, իսկ թե ինչ դիրքորոշում ունեն Կարապետյանները, Պետրոսյանը չգիտի, քանի որ երեկվա հանրային լսումներին ներկայացուցիչ չի մասնակցել։ Նա նշեց, որ գործընթացը կարող է 2 տարի տևել։

Խոսելով իր կարգավիճակի մասին՝ Պետրոսյանը նշեց, թե երբ են դադարելու ժամանակավոր կառավարչի իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ ըստ օրենսդրության՝ երբ ՀԷՑ նոր սեփականատերը՝ ՀՀ-ն, կդիմի ՀԾԿՀ-ին՝ բաշխման լիցենզիան ստանալու համար, լիցենզիան ստանալու պահից ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեն։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: