ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ՀՀ-ն պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից. Փաշինյանը՝ Խաղաղության խորհրդի աշխատանքներում ներդրումի մասին

ՀՀ-ն պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից. Փաշինյանը՝ Խաղաղության խորհրդի աշխատանքներում ներդրումի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր չափով ֆինանսական ներդրում ունենա Խաղաղության խորհրդի աշխատանքներում, որի հիմնադիր անդամ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Վարչապետը վստահեցրել է, որ Խաղաղության խորհրդում Հայաստանը ֆինանսական ոչ մի պարտավորություն չունի, կա կամավորության սկզբունք։

«Ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա կա կամավորություն, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ գնում է բոլոր տեղերում և վիզը ծուռ անկյունում կանգնած է։ Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք։ Ոչ մի պարտավորություն Հայաստանը չունի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք և մենք կունենանք մասնակցություն»,- ասել է վարչապետը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 29-ին հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու հարցին։ Կանոնադրությունը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին։ Կանոնադրությունը ստորագրել են նաև մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ադրբեջանը, Հունգարիան, Ղազախստանը, Կատարն ու Թուրքիան։

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է 2026 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Խորհրդի կայքում նշվում է, որ այն ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում:

 

  • Կիսվել: