երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը (azatutyun.am)

Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը (azatutyun.am)

Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը, գրում է azatutyun.am-ը։

Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին՝ անվտանգության պատրվակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պետական օդանավով մեկնել էր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, կամ՝ մասնակցել Մոսկվայում Արա Աբրահամյանի ծննդյան արարողությանը՝ դարձյալ պետական օդանավով։ 2013-ին ընդդիմադիր պատգամավորները կոշտ քննադատել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ 200 հազար դոլարով երեք հատուկ չվերթ կազմակերպելու համար։ Չնայած թափանցիկության ու հաշվետվողականության խոստումներին՝ հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քայլեր չի ձեռնարկել այս ծախսերը թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, 2019-ին մեծամասնությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով այս գնումները հանրային հասանելիություն կստանային։

Հայաստանի իշխանությունները մինչ այժմ էլ շարունակում են կասկածելի նպատակահարմարությամբ ու արդյունավետությամբ ծախսեր իրականացնել՝ թաքնվելով Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքի հետևում:

Նախագահի այցերի արժեքը՝ գաղտնիք

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել՝ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Խաչատուրյանը 2024-ի հոկտեմբերի 10-ին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովին։

Հոկտեմբերի 14-ին Խաչատուրյանը եղել է Ղազախստանում, հանդիպել Ղազախստանի նախագահին, խորհրդարանի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կոլումբիա, մասնակցել կենսաբազմազանության մասին համաժողովի։ Նոյեմբերի 13-ին Խաչատուրյանը մեկնել է Շվեյցարիա, ներկա գտնվել Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 50-ամյակի միջոցառմանը, բացի այդ, հանդիպել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրենին։

2025-ի փետրվարին Վահագն Խաչատուրյանը դարձյալ մեկնել է Հարավային Ամերիկա՝ այս անգամ լինելով նաև Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում։ Ապրիլի 7-ին Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնակցել Ամենամյա ներդրումային համաժողովին։

Նախագահի աշխատակազմը հրաժարվել է «Ազատությանը» հայտնել, թե այս այցերից յուրաքանչյուրի մասով որքան են կազմել նախագահի կեցության, տրանսպորտային, մյուս արարողակարգային ծախսերը՝ վկայակոչելով Գնումների մասին 2016-ին փոփոխված օրենքը։

Կոնդի առանձնատների բյուջեն ավելանում է, թափանցիկությունը՝ ոչ

Հայաստանում մի շարք պաշտոնատար անձինք՝ վարչապետը, ԱԺ նախագահը, արտգործնախարարը, բնակվում են Երևանի Կոնդ թաղամասի առանձնատներում։ Դրանց պահպանությունն ու սպասարկումն իրականացնում է «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը։ Որոշ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-ը պահպանում ու սպասարկում է մասնավորապես 8 առանձնատուն, սակայն կազմակերպությունը հրաժարվել է տեղեկացնել, թե ներկայում ովքեր են բնակվում այդ առանձնատներում (առանձնատների սպասարկում կարող է իրականացվել 8 շինությունում, սակայն բնակվողների թիվը ավելի նվազ կարող է լինել )։

ՊՈԱԿ-ը հրաժարվել է նաև տեղեկացնել, թե արդյո՞ք վերջին տարիներին Կոնդի առանձնատներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որքան է ծախսվել այդ աշխատանքների համար, որքան են կազմել առանձնատների էլեկտրաէներգիայի, ջեռուցման, սննդի ծախսերը և այլն։ Խուսափելով պատասխանել այս հարցերին՝ ՊՈԱԿ-ը դարձյալ վկայակոչել է գնումների մասին օրենքի այն կետը, որով վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի սննդի, կեցության, տրանսպոտի, արարողակարգային ծախսերը գաղտնի են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: