Ի՞նչ սահմանափակումներ է նախատեսում կիրառել քաղաքապետարանը մարդատար մեքենաների նկատմամբ
Երևանում ավտոմեքենաների աննորմալ քանակ կա. բացի այդ, տարբեր վարորդների որոշ դեպքերում անկանոն վարելու ձևերը և կանոնները խախտելը բերում է շղթայաձև խցանումների։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հարցին՝ ի՞նչ սահմանափակումներ է նախատեսում կիրառել քաղաքապետարանը մարդատար մեքենաների նկատմամբ, քաղաքապետը պատասխանեց. «Լուծում համար 1. հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր և պետք է կարողանա անխոչընդոտ երթևեկել՝ ունենալով առավելություն։
Երկրորդ, տարեց տարի ավելացող ավտոմեքենաների քանակը ազդում է NO2-ի թվերի աճին քաղաքում, որն աղտոտում է քաղաքը։ Այժմ քննարկում ենք որոշակի ստանդարտների ներդնելու հարցը՝ եվրո 4, եվրո 3, հետագայում միգուցե եվրո 5, տարբեր վարչական շրջաններում տարբեր ստանդարտներ ներդնելով և կարգավորելով ավտոմեքենաների քանակը։ Դա չի նշանակում, որ մարդը իր ավտոմեքենայով չի կարողանալու տվյալ վարչական շրջան մտնել, դա նշանակում է, որ կարողանալու է մտնել ինչ-որ սահմանափակումներով։ Այսինքն, կան լուծումներ, կա կենտ և զույգ համարների սահմանափակում, կան տուրքի ներդրմամբ սահմանափակումները, և այս բոլոր լուծումները դրվելու են հանրային քննարկման։ Բոլոր դեպքերում հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման»։
Ինչ վերաբերում է վարորդների առաջարկներին, որ կարելի է կայանատեղիներ կառուցել կենտրոնին հարակից տարածքներում, փոխարենը հանել կարմիր գծերը, այդ գիծը հատկացնել հանրային տրանսպորտին, որի շնորհիվ մի գիծ կավելանա մարդատարների համար, Ավինյանն ասաց. «Մեր վարորդների առաջարկը շատ արդիական է և դա լուծումների մաս է հանդիսանում։ Մենք այսօր էլ Երևանի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում կայանատեղիները վերացնում ենք և այդ հատվածը դարձնում ենք երթևեկելի գոտի։ Նմանատիպ աշխատանք վերջերս իրականացրեցինք, օրինակ, Նալբանդյանում։ Այո, կայանատեղիներ ավելացվելու են տարբեր հատվածներում, բայց նույնիսկ այս դեպքում մենք պետք է գնանք ավտոմեքենաների էվի նվազման։
Հաջորդը, տուգանքների հետ կապված ավելի խստացումներն են, նույնը վերաբերում է բեռնատարներին, որոնք այսօր էլ իրավունք չունեն մտնելու քաղաք, ու հիմա քննարկվում է տուգանքն ավելացնելու և բալ հանելու տարբերակը, և եթե կարիք կլինի որոշակի հավելյալ լուծումներ, որ առհասարակ մուտքը արգելենք ինչ-որ որոշակի խոչընդոտներ ստեղծելով»։
Ինչ վերաբերում է էստակադաներ կառուցելուն, քաղաքապետը նշեց, որ էստակադան մարդկային բնականոն միջավայրը և հրապարակը աղճատում է, այսինքն դառնում է մարդկանց համար ավելի անհարմար, ավտոմեքենաների համար՝ հարմար, և նույնիսկ դա խնդիրը լուծելու է միայն ժամանակավորապես, քանի որ մեքենաների քանակը գնալով ավելանալու է։



