Հայաստանում այլևս չկա բուն հայկական օրակարգ, այսօր կան օտարածին օրակարգեր. Լևոն Զուրաբյան
«Հայաստանում այլևս չկա բուն հայկական օրակարգ, այսօր կան օտարածին օրակարգեր»,-բանախոսության ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, այսօր մեր երկիր արևմուտքն իր օրակարգով է մտնում, Ռուսաստանը՝ իր օրակարգով, Ադրբեջանն ու Թուրքիան՝ քողարկված օրակարգերով, պետական ամենաբարձր պաշտոններում իրենց գործակալներով։
«Եվ այդ մարդիկ իրականացնում են հենց այդ պետությունների գաղափարները, եթե կա գաղափարական մրցակցություն, ապա դա մրցակցություն է տարբեր պետությունների կողմից մեզ պարտադրվող օրակարգերի միջև։ Քանի դեռ մեր ժողովուրդը մնալու է այսպես բզկտված, բաժանված, չի ձևավորելու իր իրական, ազնիվ, անկեղծ օրակարգը, մենք ոչ մի հաջողության չենք հասնի։ Այսօրվա կարևոր խնդիրը նոր հայկական օրակարգի ձևավորումն է»,-ընդգծեց Լևոն Զուրաբյանը։
Այդ նպատակով, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, սկսելու են հանդիպումների շարք, հրավիրելու են տարբեր մարդկանց, որոնք ասելիք ունեն դրա վերաբերյալ։