Հայաստանն ու Ադրբեջանը պատմական առաջընթացի շեմին են․ Հռիփսիմե Գրիգորյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Նա շեշտել է՝ երկու երկրները պատմական առաջընթացի շեմին են։
«Երեք տարվա ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանը և Ադրբեջանը մարտին վերջնականացրին խաղաղության համաձայնագրի նախագիծը, ինչը հնարավորություն է ստեղծում՝ դադարեցնելու հակամարտությունը և հաստատելու հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։ Ցավոք, Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, որոնք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրությանը»,- նշել է պատգամավորը։
Գրիգորյանը հիշեցրել է՝ հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիրը և Մինսկի խմբի լուծարման դիմումը՝ այդպիսով փակելով հակամարտության էջը։
«Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա այս խնդիրն էլ կարող է լուծվել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Քանի որ դրա վավերացման ընթացքում Հայաստանի Սահմանադրական դատարանը կանդրադառնա այդ հարցին»,- ասել է ՀՀ պատվիրակության անդամը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը շեշտում է, որ ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային
կապերի ապաշրջափակումն ընկած է Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում: Այն թույլ կտա բացահայտել Հարավային Կովկասի տնտեսական ներուժը, նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը և կայունությանը։
«Այս նախաձեռնությունը կարող է դառնալ տարածաշրջանային գործակցության և վստահության ամրապնդման կարևոր հարթակ։ Հետևաբար, մեր ուղերձը Ադրբեջանին հստակ է՝ ճիշտ պահն է կերտել ինստիտուցիոնալ խաղաղություն»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ այդ հարցում կարևոր է նաև եվրոպացի գործընկերների աջակցությունը: