Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն. Միրզոյան
Հայաստանը շարունակում է ինտենսիվ երկխոսությունը և զարգացնում հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ։ Այս մասին Համաշխարհային հարցերով Հնդկաստանի խորհրդում (ICWA) հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2024 թվականի ապրիլի 5-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հայտարարությունը։ Անցյալ տարի նաև տեղի ունեցավ մեր ռազմավարական երկխոսության հերթական նիստը ԱՄՆ-ի հետ, որն ավարտվեց երկու ամիս առաջ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ։
Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է ԵՄ-ի հետ մեր երկկողմ օրակարգի ընդլայնմանը և բազմաշերտ համագործակցության խորացմանը։ Ներկայումս մենք բանակցում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ, որն արտացոլում է Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Երբ այս հավակնոտ գործընկերային առաջնահերթությունները կյանքի կոչվեն, դրանք կդառնան ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական համայնքին մոտեցնելու ճանապարհին՝ համահունչ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայված է Ադրբեջանի հետ մեր սահմանին, վերջին երկու տարիների ընթացքում էականորեն նպաստել է սահմանային շրջաններում կայունության պահպանմանը և իրավիճակի սրման ռիսկերի հասցեագրմանը։
Մեր համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի հետ առևտրի աճի գրանցման հարցում։ Մենք ձեռնարկում ենք քայլեր՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և այլ գործընկեր երկրների հետ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարությունը որդեգրել է հավասարակշռված և հակակշռող արտաքին քաղաքականություն, մոտեցում, որը, եթե կուզեք, կարելի է համեմատել Հնդկաստանի «ռազմավարական ինքնավարության» հետ»: