«Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք, կամ եթե կուզեք՝ Արևելք-Արևմուտք, ուղղությունը. Միրզոյան
Հնդկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն նախատեսում օգտագործել Չաբահարի նավահանգիստը՝ աշխարհի և Հնդկաստանի հետ ավելի լայն կապ ապահովելու համար։
Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես անում է առավելագույնը՝ ունենալու կամ խթանելու իր լոգիստիկ ուղիները՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս։ Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որը, նախ և առաջ, նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաև այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների վրա։ Ուստի, մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ՝ ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության և ինտերնետային մալուխները և այլն:
Դա իրականացնելու համար մենք, իհարկե, առաջին հերթին կենտրոնանում ենք մեր հարևանների՝ ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։ Մենք ներկայացրել ենք փոխշահավետ առաջարկ, որը ձեռնտու է երկու երկրներին։ Միաժամանակ, շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման և մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ։ Այսպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք, կամ եթե կուզեք՝ Արևելք-Արևմուտք, ուղղությունը։ Կրկին, եթե այս նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար»։
Այս համատեքստում նա անդրադարձել է նաև Չաբահարի նավահանգստի դերին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրի ընդլայնման առումով:։
«Եթե դիտարկենք մեր հարաբերությունների տնտեսական կողմն, ապա, իհարկե, ես համաձայն եմ, որ այստեղ առկա է մեծ չիրացված ներուժ։ Մեր համագործակցությունն այլ ոլորտներում շատ ավելի առաջ է, և մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի տնտեսական և առևտրային ներուժն իրականացվի ավելի արդյունավետ կերպով։ Եվ այստեղ մենք կրկին պետք է խոսենք լոգիստիկայի, աշխարհագրական հեռավորության մասին, բայց նաև գիտակցում ենք, որ դեռ տնային աշխատանք կա անելու այս ուղղությամբ։
Օրինակ, հիշում եմ, երբ 2022 թվականին կատարեցի իմ առաջին այցը Հնդկաստան, ես ինձ հետ բերեցի մեծաթիվ հայ գործարարների խումբ, ովքեր հետաքրքրված էին հնդիկ գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու հարցում։ Այսօր, նախարար Ջայշանկարի հետ, մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հնդիկ գործարարների պատվիրակության՝ Հայաստան այցի անհրաժեշտությունն ու հնարավորությունը։
Կարծում եմ, որ սա պետք է դառնա պարբերական գործընթաց, որը կնպաստի նոր կապերի հաստատմանը, գործարար հարաբերությունների թարմացմանն ու զարգացմանը։ Բայց նաև, կարելի է հասկանալ, կարելի է համաձայնել, որ կան ոլորտներ, որտեղ աշխարհագրական հեռավորությունն այդքան մեծ դեր չի խաղում։ Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, որով և՛ Հայաստանը, վստահ եմ, և ես տեսնում եմ, որ և՛ Հնդկաստանը շատ հետաքրքրված են, բայց ոչ միայն հետաքրքրված, մենք երկուսս էլ այստեղ հսկայական կարողություններ և հնարավորություններ ունենք: Մենք ունենք փորձագետներ, մենք ունենք ներուժ, երկուսս էլ, նկատի ունեմ: Այսպիսով, մենք կարող ենք համագործակցել նաև այստեղ, և եթե ավելի խորանանք, մենք ակնհայտորեն և անշուշտ կարող ենք գտնել նոր ոլորտներ, որտեղ կարող ենք օգնել ավելացնել թվերը:
Կարող եմ բերել մեկ այլ օրինակ՝ ուղիղ չվերթեր մեր երկրների միջև: Կան որոշակի հայկական փոխադրողներ, ովքեր շահագրգռված են ուղիղ չվերթների հաստատմամբ, և գիտեմ, որ խոսակցություն է եղել նաև հնդկական փոխադրողների շրջանում: Իսկ եթե ուղիղ չվերթ լինի, մենք հասկանում ենք, որ դա կօգնի ոչ միայն բարելավել մարդկանց միջև շփումները, ոչ միայն բարելավել մշակութային կապերը, այլ նաև զբոսաշրջությունը, որը տնտեսության ոլորտ է։ Այն նաև գումար է բերում ինչպես այցելուներին, այնպես էլ ընդունող երկրին»,-նշել է նախարարը: