«Հայաստանի Հանրապետություն»․ ՓՀԷԿ-երը պետության էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչն են
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․
«Փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) խնդիրը հաճախ է հայտնվում մեր հասարակության ակտիվ քննարկումների տիրույթում: Այն ժամանակ, երբ զարգացած ու զարգացող պետությունների արագ աճող տնտեսական համակարգերում գնալով ավելանում է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը՝ որպես էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիա, հանրապետությունում հաճախ ենք ականատես լինում ՓՀԷԿ-երի գործունեության դեմ հակազդեցության դրսեւորումների: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ դժգոհություններն ունեն առարկայական հիմքեր, բայց խնդրի լուծումը պետք է լինի ոչ թե ՓՀԷԿ-երից հրաժարվելը, այլ դրանց բնականոն՝ շրջակա միջավայրի համար անվտանգ աշխատանքի ապահովումը:
Էներգետիկան յուրաքանչյուր պետության անվտանգության համակարգի կարեւոր տարրերից է: Առավել ապահովված են այն պետությունները, որոնք ունեն սեփական էներգետիկ ռեսուրսները: Վերականգնվող էներգիայի խնդիրը Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի, քանի որ մեր երկիրը չունի նավթի ու գազի բնական պաշարներ: Հայաստանում գործում է մոտ 190 ՓՀԷԿ, եւ եւս 30-ը կառուցման փուլում է, իսկ Արցախում գործում է 29-ը: Հետխորհրդային ժամանակահատվածում մեր երկրի ՓՀԷԿ-երում ներդրումների ընդհանուր գումարային ծավալը գնահատվել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նույնպես փաստում է, որ այն պետության տնտեսության կարեւոր բաղադրիչն է:
Երկու հանրապետության ՓՀԷԿ-երին առնչվող հիմնահարցն այն է, որ նրանց գրեթե 90 տոկոսի աշխատանքներում առկա են շահագործման նախատեսված բնապահպանական չափանիշների խախտումներ: Այսպես՝ բնապահպանության նախարարության (ներկայում՝ շրջակա միջավայրի նախարարություն) կողմից 188 ՓՀԷԿ-ում կատարված վերջին համալիր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էր 170 խախտում: Նույն վիճակն է նաեւ Արցախի Հանրապետությունում շահագործվող ՓՀԷԿ-երում՝ ըստ տեղի բնապահպանական գերատեսչության վերջին ուսումնասիրությունների: Հայտնաբերված հիմնական խախտումներն են ՓՀԷԿ-երում ջրաչափական սարքերի, ձկնապաշտպան կառույցների եւ ձկնանցարանների բացակայությունը, էկոլոգիական թողքի չպահպանելը: Հիշատակված բոլոր խախտումները թողնում են էական բացասական հետեւանքներ տեղի բնական միջավայրի վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։