Հավատարմագրման գործընթացների ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողով
Փորձագետների հետ հավատարմագրման գործընթացների ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ մարտի 3-ին կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողով:
«Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» թեմայով համաժողովը իր շուրջ էր համախմբել ավելի քան 80 փորձագետի, որոնք քննարկում էին հավատարմագրման սահմանած առաջնահերթությունները և ազդեցությունները:
«Առանձնացրել ենք կրթության տարբեր ոլորտներն ուսումնասիրող 10 չափանիշ՝ Առաքելություն և նպատակներ, Կառավարում և վարչարարություն, Մասնագիտական կրթական ծրագրեր, Ուսանողներ, Պրոֆեսորադասախոսական կազմ, Հետազոտություն և զարգացում, Ենթակառուցվածք և ռեսուրսներ, Հասարակական պատասխանատվություն, Արտաքին կապեր և միջազգայնություն ու Որակի ապահովում: Հատուկ առանձնացրել ենք հետազոտությունը և միջազգայնացումը՝ տեսնելով, որ միջազգային բուհերը կարևորում են հետազոտող և միջազգային չափանիշների համապատասխան ուսանողների պատրաստումը»,- ասաց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Որպես արդյունք՝ ՈԱԱԿ-ն ակնկալում է նպաստել հավատարմագրման գործընթացների բարելավմանը, հասկանալ՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել հավատարմագրումների արդյունքում:
«Նախատեսում ենք պարբերաբար կազմակերպել այսպիսի հանդիպումներ, որպեսզի տարբեր տարիների փորձագետներն իրենց փորձով կիսվեն մյուսների հետ: Նպատակ ունենք նաև հասկանալ, թե ուր ենք շարժվում»,- ասաց ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, եզրափակելով իր խոսքը, նշեց՝ բավական չէ գիտելիք ունենալը, կարևոր են նաև հետազոտական կարողությունները՝ նորը ստեղծելու համար: Նրա համոզմամբ՝ փորձագետները ևս կառանձնացնեն հենց այս չափանիշը:


