Հասմիկ Ամիրզադյանը հավատում է՝ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս. Որդեգրել է 3 բալիկների. Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով կուսակցության անդամների այսօրվա ձերբակալություններին, ներկայացրել է նրանցից մեկին՝ Հասմիկ Ամիրզադյանին.
«Հասմիկ Ամիրզադյանը հավատում է, որ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս։
Նա որդեգրել է երեք հրաշալի բալիկների. չորս երեխայի մայր է։
Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ»,–ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որը նաև ձայնագրություններ է հրապարակել։
Ձերբակալվածներից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի պատասխանատուներից Հասմիկ Ամիրզադյանն է, նրան մեղադրանք է առաջադրվել։


