Համատեղ փաստաթղթով սահմանվել է Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը
Հայաստանն ու Եվրամիությունը փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը։
Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Նշանակալի ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության միջև Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու փաստաթղթի ստորագրումը, որը քիչ առաջ տեղի ունեցավ։
Սա Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։