ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ֆինանսների նախարարն ու ԿԶԵՀ գործադիր տնօրենը համաձայնագիր են ստորագրել

Ֆինանսների նախարարն ու ԿԶԵՀ գործադիր տնօրենը համաձայնագիր են ստորագրել

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովի հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԿԶԵՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքային ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հանրային հատվածի ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացման տեխնիկական աջակցության ծրագրի մանրամասներին: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել այս և այլ ծրագրերի շրջանակներում ծավալված արդյունավետ համագործակցության համար:
 
Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը ստորագրել են «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը:
 
Վերոնշյալի համատեքստում Անդրեյ Շիրոկովը նշել է, որ ԿԶԵՀ-ի մշտական ներկայության համար լիարժեք իրավական հիմքի ստեղծումը հնարավորություն կտա ավելի օպերատիվ արձագանքելու երկրի տնտեսության կարիքներին, ընդլայնելու նախագծերի պորտֆելը և խորացնելու փորձագիտական երկխոսությունը:

  • Կիսվել: