Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը բացում է Մխիթարյանի հեռանալու փակագծերը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման եթերում անդրադարձել է ազգային ընտրանի հրավիրված, սակայն միանալուց հրաժարված ֆուտբոլիստների թեմային, գրում է armsport.am-ը:
Մասնագետը, որն ավելի վաղ ընդհանրական դժգոհություն էր հայտնել այդ խաղացողներից, այս անգամ փակագծեր է բացել՝ առանձնացնելով Հենրիխ Մխիթարյանին ու Լուկաս Սելարայանին։
«Եթե ես ուզենայի խոսքս ուղղել կոնկրետ Մխիթարյանին․․․ մեկ տարի առաջ, երբ նոր էի նշանակվել, անձամբ հրավիրեցի նրան, բայց նա չցանկացավ գալ։ Մենք այդ մասին խոսել ենք: Այն ժամանակ էլ նշել եմ, որ հասկանում եմ նրան. կան պատճառներ ու արգումենտներ:
Մխիթարյանին անպայման ուզում եմ առանձնացնել, քանի որ նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա շատ մեծ բան է արել հայկական ֆուտբոլի համար, հերոս է և լեգենդար տղա: Երբ ես Ուկրաինայում էի և հետևում էի հավաքականին, հիշում եմ՝ Մխիթարյանը վնասվածքի կամ այլ պատճառով բաց թողեց երկու խաղ։ Հավաքականն այդ խաղերում հաղթեց, և միանգամից սկսեցին խոսել, թե մեր ընտրանին առանց Մխիթարյանի ավելի լավ է խաղում: Դա աբսուրդ է. դրանով ցավեցրին ու նեղացրին այդ տղային, հիասթափեցրին նրան։
Սա պատճառներից մեկն էր։ Կան նաև այլ պատճառներ, որոնց մասին թույլ չեմ տա խոսել՝ դա իր անձնական գործն է: Ես չեմ կարող մեղադրել նրան, թեև կարող եմ ափսոսալ, հիասթափվել կամ ջղայնանալ, որ նա չկա: Ինձ համար հավաքականը վեր է ամեն ինչից, բայց մարդիկ տարբեր են: Երբ մարդու սիրտը կոտրվում է մի բանից, երբ նվիրվածություն այլևս չի զգում, չի կարող այդ գործն առաջ տանել»,- նշել է Մելիքյանը:
Խոսելով Լուկաս Սելարայանի մասին՝ գլխավոր մարզիչն ընդգծել է ֆուտբոլիստի մեծ նվիրվածությունը.
«Լուկասն այստեղ չի մեծացել, մեր հողն ու ջուրը չի տեսել, բայց ունի հայկական գենետիկա, արյուն, որի համար նա իր պարտքն արդեն կատարել է։ Առաջին անգամ, երբ հրավիրվեց, նույնիսկ Հայաստանի տեղը չգիտեր, բայց պարտավորություն զգաց, ու այդ «ջիգյարը» նրան բերեց այստեղ։ Նա եկավ ու ինչքան կարողացավ՝ օգնեց հավաքականին։
Վերջում շատ անկեղծ ասաց. «Մարզիչ ջան, ես էլ ի վիճակի չեմ: Տարիքս, ընտանեկան խնդիրներն ու այդքան թռիչքներն արդեն թույլ չեն տալիս, որ օգնեմ այնպես, ինչպես օգնել եմ»։ Մենք իրար հասկացանք: Թեև ես այլ կարծիք ունեի ու գիտեի, որ նա դեռ կարող է օգնել, բայց չեմ կարող մեղադրել նրան: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել Լուկասին՝ իր անցկացրած խաղերի ու ազգային հավաքականին նվիրվածության համար»։
Անդրադառնալով հավաքականի հրավերը մերժած մյուս խաղացողներին՝ Եղիշե Մելիքյանը կոշտ դիրքորոշում է հայտնել.
«Մնացած ֆուտբոլիստների դեպքում որևէ արգումենտ չեմ տեսնում և չեմ ընդունում: Հիասթափված եմ և մնում եմ այդ կարծիքին։ Աստված իրենց հետ, նույնիսկ չեմ մեղադրում, դա իրենց որոշումն է, բայց ես իրավունք ունեմ հիասթափվելու այն ամենից, ինչ տեսնում եմ: Մնացածը՝ քանի հոգի էլ լինեն, իրենց մասին չեմ էլ ուզում խոսել»։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին վաստակած 4 միավորով ընթանում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Կիպրոսի հավաքականին։



