Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական վասալ, ո՞վ ասաց, որ արտահերթ կամ հերթական ընտրություններ կլինեն. Խաչատրյան
Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն։ Քանի անգամ կարելի է նույն բանը կրկնել, Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Ահաբեկիչների հետ չենք բանակցում, Փաշինյանի գործողությունները ահաբեկչի գործողություններ են. քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական պրոցեսներ, դա ահաբեկչին բնորոշ գործողություն է։ Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել։
Եթե կարող է այդքան քաջություն ունի, թող իր երկրորդ սպառնալիքը իրականացնի, արտահերթ ընտրություններ, բայց ինչպես նկատեցիք Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը ասաց կամ Սահմանադրություն, կամ ժողովուրդը ձեզ կհեռացնի, բացառեց արտերթ ընտրությունները։ Իսկ Փաշինյանն ասում է՝ իրան հեռացնելու միակ հնարավորությունը ապստամբությունն է, հեղափոխությունն է։
Այսինքն, ինքը բացառում է, որ ընտրություններով կարող է ինքը հեռանա, Բրեժնև՞ն է ինքը։ Գիտեք, կարող է Բրեժնևն է, որովհետև ասում են՝ Բրեժնևն ուզում էր գնար, իսկ պալեդուրոն իրեն չէր թողնում»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ Փաշինյանը պիտի գնա, որ Սահմանադրությունը չփոխվի։ «Պիտի գնա, որ Հայաստանը չդառնա Ադրբեջանի վասալ պետություն, Հայաստանը չդառնա Ադրբեջանի գաղութը։
Կարևորը դա է, ինքը պիտի գնա, որ Սահմանադրությունը չփոխվի, եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, է, ո՞վ ասեց, որ ընտրություններ կլինեն՝ հերթական կամ արտահերթ»,-ասաց Խաչատրյանը։



