Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ
Ադրբեջանը բարձր է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջներ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության հարցում միակ կարևոր պայմանն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի շրջանակում, իսկ դրա նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։
«Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը մեր հնարավորություններից դուրս է»,- ասել է Բայրամովը։
Անդրադառնալով Հայաստանի նոր Սահմանադրության հրապարակված նախագծին՝ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել այն, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է։
«Մեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չլինեն։ Հրապարակված տեքստից դատելով՝ ներկայումս նման պահանջներ այնտեղ չկան։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- հայտարարել է Բայրամովը։



