Ազգային ժողովի դերի ամրապնդում, ընդդիմության լիազորությունների ընդլայնում. ինչն է նոր ՀՀ նոր Սահմանադրության նախագծում
Նոյեմբերի 23-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել yourconstitution.am կայքում, որը հատուկ ստեղծվել է հենց նախագծի հրապարակման համար։ Նպատակն է յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ դարձնել նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալը և առաջարկներ ներկայացնելը։
Կայքում նաև հստակ տարանջատված է, թե ինչն է նոր Սահմանադրության առաջարկվող նախագծում։
Նոր Սահմանադրության նախագծում տեղ գտած նոր ձևակերպումներին և հիմնական դրույթներին կարող եք ծանոթանալ ստորև.
Ի՞նչու է անհրաժեշտ նոր Սահմանադրությունը
Նոր Սահմանադրության ընդունման նպատակն է ամրապնդել Հայաստանի պետականության հիմքերը և ապահովել, որ Սահմանադրությունն իսկապես ընկալվի որպես ժողովրդի կամքի արտահայտություն։ Գործող Սահմանադրության նկատմամբ տարիների ընթացքում ձևավորվել են հարցեր և կասկածներ՝ կապված ինչպես դրա կիրառման, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընդունված լինելու հետ։ Ուստի կարևոր է, որ նոր Սահմանադրությունն ընդունվի համաժողովրդական հանրաքվեով և ունենա քաղաքացիների իրական աջակցությունն ու վստահությունը։
Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ, այլ պետության և քաղաքացիների հարաբերությունները կարգավորող հիմնական օրենք, որն իրական նշանակություն ունի յուրաքանչյուրի կյանքում։ Այն սահմանում է մարդու հիմնական իրավունքներն ու պարտականությունները, պետական իշխանության կազմակերպման և գործունեության սկզբունքները։
Նոր Սահմանադրության հիմքում այն գաղափարն է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պետական իշխանությունը պետք է ծառայի մարդկանց, իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է հաշվետու լինեն հասարակությանը և գործեն հանրային շահից ելնելով։ Այսինքն՝ պետությունը պետք է գործի հանուն ժողովրդի, իսկ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկելու իշխանության գործունեությունը։
Նոր Սահմանադրությունը հիմնված է նաև հարատև պետություն ունենալու գաղափարի վրա։ Սա նշանակում է, որ պետության գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն այսօրվա խնդիրների լուծմանը, այլև Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։ Նպատակը պետք է լինի ապագա սերունդներին փոխանցել անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ պետություն։Նոր Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունը դիրքավորում է որպես Խաղաղության խաչմերուկ՝ խաղաղությունը դարձնելով արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիր։
Նոր Սահմանադրության ընդունումը նաև ընկալվում է որպես նոր փուլ ազգային ինքնության զարգացման մեջ՝ պետականազուրկ ազգի գործելակերպից դեպի պետականակերտ ժողովրդի գիտակցված վարքագիծ։ Այս մոտեցմամբ ձևավորվում է ինքնության նոր ընկալում, ըստ որի՝ պետությունն ու ինքնությունը ոչ միայն փոխկապակցված են, այլև պետությունը ինքնության առանցքն է։
Նոր Սահմանադրության կենտրոնում մարդն է, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները։ Կարևոր է ոչ միայն Սահմանադրությամբ իրավունքներ ամրագրելը, այլև դրանց իրական պաշտպանությունն ապահովելը։ Դրա համար անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչպես կարող է մարդն օգտվել իր իրավունքներից, ինչպես են դրանք պաշտպանվում և ինչ պայմաններում կարող են սահմանափակվել։ Միաժամանակ ընդգծվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի նաև պարտականություններ և պատասխանատվություն պետության ու հասարակության հանդեպ։
Նոր Սահմանադրությունը կարևորում է նաև պետական իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռությունը։ Խորհրդարանը պետք է կարողանա արդյունավետ վերահսկել Կառավարության գործունեությունը, Կառավարությունը պետք է հաշվետու լինի իր որոշումների և աշխատանքի համար, իսկ դատարանները պետք է լինեն անկախ և ապահովեն արդարադատության իրականացումը։ Կարևորվում է նաև դատարանների կապը ժողովրդի հետ։ Միաժամանակ ընդգծվում է քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակության կյանքում։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը պետք է դառնա քաղաքացիների ընդհանուր համաձայնությունն այն մասին, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ և ինչ սկզբունքներով պետք է այն գործի։ Դրա հիմքում խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ Հայաստանի գաղափարն է, որտեղ պետությունը ծառայում է ժողովրդին, պաշտպանում մարդու իրավունքները և ապահովում ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը։
Նոր Սահմանադրության նախաբանը
Նոր Սահմանադրության նախաբանը ձևակերպվել է այնպես, որ միաժամանակ ունենա սահմանադրական տեքստին անհրաժեշտ արժեհամակարգային խորությունը և լինի հանրության համար ընկալելի։
Առաջարկվող նախաբանում առաջնային է ժողովրդի ներկա կամքը և ապագա սերունդների առջև պատասխանատվությունը։
Նախաբանը ամրագրում է, որ Սահմանադրությունը ժողովրդի ընդհանուր համաձայնությունն է պետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների շուրջ։ Այս մոտեցումը ժողովրդին վերապահում է երկրում հաստատված իրավակարգի հեղինակի դերակատարում։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելու հանձնառությունը նախաբանի ռազմավարական բովանդակության արտահայտությունն է՝ ուղղված պետության հարատևության օրակարգին։
Ամրագրվում է նաև ժողովրդի կամքը՝ ուղղված ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում պետություն կառուցելուն և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությունը:
Այդպիսով ընդգծվում է, որ սահմանադրական կարգավորումները միտված են ոչ միայն ներկայիս հասարակական հարաբերությունների կազմակերպմանը, այլ նաև պետության երկարաժամկետ կայուն զարգացման, սերունդների առջև պատասխանատվության և հանրային համերաշխության ապահովմանը։
Այս առաջարկը նպատակ ունի նախաբանը և ողջ Սահմանադրությունը դարձնել ավելի գործառութային, արժեքային և կենսունակ։
Պետության նպատակը և ժողովրդի իշխանությունը
Նոր Սահմանադրության առաջին գլուխը սահմանում է, թե ինչ նպատակով է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը, ում է պատկանում իշխանությունը և ինչ սկզբունքներով պետք է գործի պետությունը։
Նախագծում առանձին ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է։ Պետության նպատակներն են՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը, պաշտպանել և զարգացնել ազգային ինքնությունը, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները։
Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին միասին։ Ժողովրդի իշխանությունն անօտարելի է, այսինքն՝ ոչ ոք չի կարող այն վերցնել ժողովրդից կամ իրեն համարել իշխանության միակ տերը։
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է գործեն հանրային շահի համար, լինեն հաշվետու, ազնիվ և պատասխանատու իրենց աշխատանքում։ Նրանց իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով և ազատություններով։ Այսինքն՝ պետական մարմիններն իրենց որոշումներում և գործողություններում պետք է հարգեն մարդկանց իրավունքները։
Նոր Սահմանադրությունը կարևորում է շուկայական տնտեսությունը, սեփականության պաշտպանությունը և տնտեսական զարգացումը։ Տնտեսական զարգացումը դիտվում է որպես պետական շահ, քանի որ այն կարևոր է մարդկանց և երկրի բարեկեցության համար։ Միաժամանակ շեշտվում է սոցիալական համերաշխությունը՝ յուրաքանչյուր մարդու ջանքն ու դրա արդյունքը գնահատելու և այդ հիմքով բարեկեցություն ստեղծելու գաղափարը։
Նախագծով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը դառնում են երկրի իրավական համակարգի մաս։ Դա նշանակում է, որ դրանք գործում են Հայաստանում՝ առանց դրանց բովանդակությունն ամեն անգամ առանձին օրենքում ամրագրելու անհրաժեշտության։
Հստակ նշվում է նաև զինված ուժերի նպատակը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունն ու անվտանգությունը։
Նախագիծը սահմանում է, թե ինչպես կարող են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու Կառավարության անդամներն ընդունել բոլորի համար պարտադիր կանոններ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ օրենքը նրանց տվել է նման լիազորություն և հստակ որոշել, թե ինչ հարցերի վերաբերյալ կարող են այդ կանոններն ընդունվել։
Առանձնահատուկ պաշտպանություն է տրվում հայերենին՝ որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի։ Այդ դրույթը նախատեսվում է դարձնել անփոփոխելի. հայերենը չի կարող փոխարինվել այլ պետական լեզվով։
Նախատեսվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների նկարագրությունը սահմանող օրենքը կարող է ընդունվել միայն հանրաքվեով։
Այսպիսով, առաջին գլուխը ներկայացնում է պետության հիմքերը. ժողովուրդն է պետության հիմնադիրը և իշխանության աղբյուրը, իսկ պետական իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, պաշտպանի նրա իրավունքները և գործի հանրային շահից ելնելով։
Մարդը՝ նոր Սահմանադրության առանցքում
Նոր Սահմանադրության նախագծի երկրորդ գլուխը մարդու իրավունքներն ու պարտականությունները ներկայացնում է նոր կառուցվածքով։ Դրա հիմքում «մարդը բարձրագույն արժեք է» սկզբունքն է։ Մարդն ազատ է անել այն ամենը, ինչը չի խախտում ուրիշների իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը կամ օրենքին։
Կյանքի, ազատության, կրթության, առողջության, սեփականության և մյուս հիմնական իրավունքները ներկայացվում են մեկ ընդհանուր հոդվածում։ Առանձին սահմանվում է՝ ինչպես են դրանք պաշտպանվում և երբ կարող են սահմանափակվել։ Նախագծում հստակ առանձնացվում են իրավունքներ, որոնք չեն կարող սահմանափակվել նույնիսկ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։ Մյուս իրավունքների սահմանափակումները պետք է լինեն օրենքով նախատեսված, հիմնավորված, անհրաժեշտ և համաչափ։ Այսինքն՝ պետությունը չի կարող սահմանափակել մարդու իրավունքն առանց բավարար հիմքի կամ ավելի, քան անհրաժեշտ է։
Սոցիալական ապահովությունը ճանաչվում է որպես մարդու հիմնական իրավունք։ Ամրագրվում է նաև առողջության պահպանման իրավունքը և սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի բժշկական ծառայությունների հասանելիության իրավունք։ Հստակ նշվում է հիմնական կրթության պարտադիր լինելը, նախատեսվում է մշակութային կյանքին մասնակցելու և գիտության նվաճումներից օգտվելու իրավունքը։
Մարդու՝ իր մասին հավաքված տվյալներին ծանոթանալու, դրանց ուղղումը կամ հեռացումը պահանջելու իրավունքը պետք է պաշտպանված լինի ոչ միայն պետական մարմինների, այլև մասնավոր կազմակերպությունների հետ հարաբերություններում։
Համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար առաջարկվում է բնակության լրացուցիչ ցենզ. 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին քվեարկությանը նախորդող երկու տարում պետք է առնվազն մեկ տարի մշտապես բնակված լինի Հայաստանում։ Տեղական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցող օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար նախատեսվում է տվյալ համայնքում բնակվելու համանման պայման։ Ընտրական հանցագործությունների համար դատապարտված անձանց ընտրելու կամ ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել որպես պատիժ՝ դատարանի որոշմամբ։
Նախագիծը թույլ է տալիս օրենքով սահմանափակել օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների՝ Հայաստանում հողի սեփականություն ձեռք բերելու իրավունքը։
Նախագծում առանձին և ամբողջական ձևով ներկայացվում են Սահմանադրությունն ու օրենքները հարգելու, հարկեր վճարելու, շրջակա միջավայրի պահպանության մասին հոգ տանելու, երեխաների դաստիարակության և պետության պաշտպանությանը մասնակցելու պարտականությունները։
Կուսակցություններն ու ԶԼՄ-ները ժողովրդավարական պետությունում
Նոր Սահմանադրության նախագծում առանձին գլուխ է նվիրված քաղաքական կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ ընդգծելով դրանց կարևոր դերը ժողովրդավարական պետության կյանքում։ Կուսակցություններն օգնում են քաղաքացիներին մասնակցել քաղաքական կյանքին, իսկ լրատվամիջոցները նպաստում են հասարակության տեղեկացվածությանը, տարբեր կարծիքների արտահայտմանը և իշխանության նկատմամբ հանրային վերահսկողությանը։
Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ կուսակցությունների ղեկավար մարմինները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կուսակցության անդամներին մասնակցելու կուսակցության կառավարմանը և ապահովում է ժողովրդավարական սկզբունքների պահպանումը նաև կուսակցությունների ներսում։
Կուսակցությունները պետք է գործեն ֆինանսական թափանցիկության սկզբունքով, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե որտեղից են ստանում իրենց ֆինանսավորումը։ Նրանք կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ֆինանսավորվել պետական բյուջեից։ Նպատակն է ապահովել արդար քաղաքական մրցակցություն և բարձրացնել կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը։
Նոր Սահմանադրությունը կարևորում է նաև ընտրողների կամքի ազատ արտահայտումը և դրա պաշտպանությունը։ Կուսակցությունները չպետք է ընտրակաշառքի, ճնշումների կամ այլ անթույլատրելի միջոցներով ազդեն քաղաքացիների ընտրության վրա։
Նախագծով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն ուղղված է ընտրողների ազատ կամքի խաթարմանը, կուսակցությունը ստացել է օտարերկրյա ֆինանսավորում կամ քարոզում է Հայաստանի Հանրապետության անկախությունից հրաժարվելը։ Այս կարգավորումների նպատակն է պաշտպանել երկրի անկախությունը, ազատ և արդար ընտրությունները։
Նոր Սահմանադրությամբ առանձին երաշխավորվում է նաև լրատվամիջոցների գործունեության ազատությունը։ Լրատվամիջոցները ոչ միայն տեղեկություններ են փոխանցում, այլև հնարավորություն են տալիս հասարակությանը հետևելու պետական մարմինների աշխատանքին, քննարկելու հանրային կարևոր հարցերը և արտահայտելու տարբեր տեսակետներ։
Լրատվամիջոցների համար ևս նախատեսվում է ֆինանսական թափանցիկության պահանջ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի դրանց ֆինանսավորման մասին։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը կուսակցություններին և լրատվամիջոցներին կարևոր տեղ է հատկացնում ժողովրդավարական հասարակությունում՝ միաժամանակ ընդգծելով դրանց ազատ գործունեության, ֆինանսական թափանցիկության և պատասխանատվության սկզբունքները։
Ազգային ժողովի դերի ամրապնդում և ընդդիմության իրավունքներ
Նոր Սահմանադրության նախագծի չորրորդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովի ձևավորմանը, գործունեությանը և Կառավարության նկատմամբ վերահսկողությանը։ Նպատակն է ունենալ ուժեղ խորհրդարան, որտեղ ապահովված են նաև ընդդիմության իրավունքները։
Եթե Ազգային ժողովի ընտրություններից հետո քաղաքական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի ձևավորում, նոր Ազգային ժողով չի կազմավորվում, և անցկացվում են նոր ընտրություններ։ Սա ընտրողներին հնարավորություն է տալիս կրկին արտահայտելու իրենց կամքը, իսկ քաղաքական ուժերին՝ համաձայնության գալու։ Կառավարության ձևավորման համար հատուկ մեխանիզմներ կարող են կիրառվել միայն կրկնակի ընտրություններից հետո մեծամասնություն չձևավորվելու դեպքում։ Եթե որևէ ուժ ստանա պատգամավորական տեղերի ավելի քան երկու երրորդը, մյուս ուժերին կտրամադրվեն լրացուցիչ տեղեր՝ խորհրդարանում քաղաքական բազմազանությունը պահպանելու համար։
Նախագծով Ազգային ժողովն ավելի մեծ դեր է ստանում Կառավարության վերահսկողության գործում։ Փոխվարչապետների, նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների թեկնածությունները նախապես կքննարկվեն խորհրդարանական հանձնաժողովների հրապարակային նիստերում։ Պատգամավորները կկարողանան հարցեր տալ, իսկ հանձնաժողովի կարծիքը կներկայացվի վարչապետին։
Ազգային ժողովը կարող է նաև անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչի։ Այդ որոշման դեպքում պաշտոնատար անձը կազատվի պաշտոնից։ Նույն անձի վերաբերյալ նման առաջարկ կարելի է ներկայացնել ոչ ավելի հաճախ, քան վեց ամիսը մեկ։
Խորհրդարանի քննիչ հանձնաժողովները կկարողանան ուսումնասիրել հանրային կարևորություն ունեցող հարցեր։ Նախատեսվում են կանոններ, որպեսզի դրանց ստեղծումը հնարավոր չլինի արգելափակել։ Հանձնաժողովների եզրակացությունները կքննարկվեն Ազգային ժողովում, իսկ պետական մարմինները պետք է արձագանքեն դրանց և ներկայացնեն ձեռնարկված քայլերը։
Ընդդիմությունը մասնակցություն կունենա անկախ և ինքնավար որոշ պետական մարմինների ձևավորմանը. այդ մարմինների անդամներից մեկն ընտրվելու է ընդդիմության առաջադրմամբ։
Քաղաքացիները նույնպես կկարողանան անմիջականորեն մասնակցել օրենքների մշակմանը։ 40 հազար քաղաքացի ստորագրահավաքով կարող է օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողով։
Ազգային ժողովը հնարավորություն կունենա որոշելու իր արձակման հարցը, օրինակ՝ քաղաքական ճգնաժամի դեպքում։ Եթե ինքնարձակման առաջարկը չընդունվի, այն հնարավոր չի լինի կրկին ներկայացնել վեց ամսվա ընթացքում։ Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նման առաջարկ ներկայացնելն արգելվում է։
Եթե պատգամավորը նշանակվի Կառավարության անդամ, նրա պատգամավորական լիազորությունները ժամանակավորապես կկասեցվեն, սակայն մանդատը կպահպանվի։ Կառավարությունում աշխատանքն ավարտելուց հետո նա կկարողանա վերադառնալ խորհրդարան։
Ազգային ժողովում կգործի էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով, որի կազմում իշխանությունն ու ընդդիմությունը կունենան հավասար թվով ներկայացուցիչներ։ Այն կքննարկի պատգամավորների վարքագծին առնչվող հարցերը։
Ռազմական և արտակարգ դրության կանոնները կսահմանվեն սահմանադրական օրենքներով, որոնց ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների ավելի մեծ աջակցություն։ Արտակարգ դրություն հնարավոր կլինի հայտարարել նաև բնական կամ հասարակական աղետի անմիջական վտանգի դեպքում։
Այս կարգավորումները կոչված են ապահովելու խորհրդարանի արդյունավետ աշխատանքը, Կառավարության հաշվետվողականությունը և քաղաքացիների ու ընդդիմության մասնակցությունը պետական որոշումների կայացմանը։
Հանրապետության նախագահի դերը
Նոր Սահմանադրության նախագծում կարևորվում է Հանրապետության նախագահի դերը՝ որպես պետության գլխի։ Նախագահի հիմնական խնդիրներից է նպաստել Սահմանադրության և օրենքների պահպանմանը, պետական մարմինների անխափան աշխատանքին և նրանց միջև համագործակցությանը։
Նախագահը պետք է նպաստի նաև իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության պահպանմանը և հնարավոր տարաձայնությունների հաղթահարմանը։ Նպատակն է բարձրացնել նախագահի դերը պետական կառավարման համակարգում՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի խորհրդարանական կառավարման ձևը։ Այսինքն՝ նախագահը չի ստանձնում Կառավարության գործառույթները, այլ նպաստում է պետական մարմինների համաձայնեցված աշխատանքին։
Նախագծով սահմանվում են նաև Հանրապետության նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները։ Նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը, իսկ ՀՀ քաղաքացիության և Հայաստանում մշտական բնակության պահանջվող ժամկետները սահմանվում են 5 տարի։ Սա հնարավորություն է տալիս ավելի լայն շրջանակի անձանց հավակնելու նախագահի պաշտոնին։
Նախագահը որոշակի դեր է ունենալու նաև դատական իշխանության անկախության և բնականոն աշխատանքի ապահովման գործում։ Մասնավորապես, նա կարող է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստեր, սակայն չի կարող մասնակցել քվեարկությանը կամ պարտադիր ցուցումներ տալ։ Այսպիսով, նախագահը կարող է նպաստել դատական համակարգի արդյունավետ աշխատանքին՝ առանց միջամտելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կայացմանը։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը Հանրապետության նախագահին կարևոր դեր է վերապահում պետական մարմինների կայուն աշխատանքի, նրանց միջև համագործակցության և իշխանության տարբեր ճյուղերի հավասարակշռության ապահովման գործում։
Գործադիր իշխանություն. ո՞վ է ղեկավարում, ո՞վ է վերահսկում
Նոր Սահմանադրության նախագծի վեցերորդ գլուխը սահմանում է, թե ինչպես է կազմակերպվում գործադիր իշխանությունը, ինչպես է ձևավորվում Կառավարությունը և ինչպես է այն աշխատում։
Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Կառավարությունն է։ Այս համակարգում ընդգրկվում են նաև նախարարությունները, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինները, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինները։ Դրանց գործունեության մանրամասները սահմանվում են օրենքով։
Կառավարությունն իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը։ Միաժամանակ, երկրի քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է մշակվեն նաև պետական այլ մարմինների, հատկապես՝ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։ Նպատակն է, որ երկրի համար կարևոր քաղաքական որոշումների կայացմանը մասնակցեն իշխանության տարբեր մարմիններ։
Նոր Սահմանադրությունը հստակ սահմանում է նաև զինված ուժերի ղեկավարումը։ Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ Գլխավոր շտաբի պետը ենթակա է նրան՝ ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական և արտակարգ դրության ժամանակ։ Զինված ուժերը ենթակա են Կառավարությանը, իսկ դրանց գործունեությունը վերահսկում է նաև Ազգային ժողովը։
Զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի նախնական համաձայնությունը։ Անհետաձգելի իրավիճակներում վարչապետը՝ որպես գերագույն հրամանատար, կարող է որոշում ընդունել զինված ուժերի կիրառման մասին՝ բացառությամբ դրանք Հայաստանից դուրս ուղարկելու դեպքերի։ Այդ մասին նա պետք է անմիջապես տեղեկացնի Կառավարությանը, որը կարող է վերացնել վարչապետի որոշումը։ Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անմիջապես գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։ Խորհրդարանը կարող է վերացնել ռազմական կամ արտակարգ դրությունը կամ դրանց ընթացքում նախատեսված միջոցառումները։ Զինված ուժերը կարող են նաև աջակցել բնակչության պաշտպանությանը, օրինակ՝ բնական աղետների կամ համաճարակների ժամանակ։
Նախագծով վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժի պատգամավորներից։ Եթե վարչապետի պաշտոնը թափուր մնա, նոր վարչապետի թեկնածուն նույնպես պետք է պատգամավոր լինի։ Թեկնածու կարող է լինել նաև Կառավարության անդամը, որի պատգամավորական լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։ Սա նպատակ ունի ապահովելու վարչապետի և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական կապը։
Կառավարությունը համարվում է կազմավորված, երբ նշանակվել են նրա անդամների առնվազն երկու երրորդը։ Սա թույլ է տալիս Կառավարությանը սկսել աշխատանքը, նույնիսկ եթե որոշ նախարարներ դեռ նշանակված չեն։ Միաժամանակ, Սահմանադրությամբ չի սահմանվում փոխվարչապետների և նախարարների առավելագույն թիվը, որպեսզի Կառավարության կազմը հնարավոր լինի որոշել ըստ անհրաժեշտության։
Կարևորվում է նաև Կառավարության աշխատանքի հրապարակայնությունը։ Նախագծով Կառավարության նիստերը պետք է լինեն հրապարակային, իսկ դռնփակ նիստեր կարող են անցկացվել միայն օրենքով նախատեսված հատուկ դեպքերում։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի լավ հետևելու Կառավարության աշխատանքին և որոշումների կայացմանը։
Նախագծով Անվտանգության խորհրդի և Հանրային խորհրդի մասին առանձին դրույթներ չեն նախատեսվում։ Այդ մարմինների ստեղծման և գործունեության հարցերը կարող են կարգավորվել օրենքներով՝ հնարավորություն տալով պետական կառավարման համակարգը հարմարեցնելու երկրի կարիքներին։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը սահմանում է Կառավարության և գործադիր իշխանության մյուս մարմինների աշխատանքի հիմնական կանոնները՝ կարևորելով պետական մարմինների համագործակցությունը, Կառավարության բաց աշխատանքը և Ազգային ժողովի վերահսկողությունը։
Ժողովուրդը և արդարադատությունը
Նոր Սահմանադրության նախագծի յոթերորդ գլուխը վերաբերում է դատարանների աշխատանքին, դատավորների անկախությանը և արդարադատության նկատմամբ հանրային վստահությանը։ Նպատակն է ապահովել, որ դատարանները գործեն անկախ, իսկ քաղաքացիները կարողանան արդյունավետ պաշտպանել իրենց իրավունքները։
Նախատեսվում է, որ որոշ դատական գործեր կարող են քննվել երդվյալների մասնակցությամբ։ Երդվյալներն այն քաղաքացիներն են, որոնք օրենքով սահմանված դեպքերում մասնակցում են դատական գործերի քննությանը։ Նրանց մասնակցության դեպքերն ու կարգը կսահմանվեն օրենքով։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ արդարադատության իրականացմանը։
Բարձրագույն դատական խորհուրդը պետք է պաշտպանի դատարանների և դատավորների անկախությունը, նպաստի նրանց աշխատանքի նկատմամբ հանրային վստահությանը և ապահովի դատական համակարգի համապատասխան հանձնաժողովների աշխատանքը։ Խորհուրդը նաև կկարողանա դիմել Սահմանադրական դատարան, եթե համարի, որ որևէ օրենք կամ այլ իրավական ակտ վտանգում է դատարանների անկախությունը։
Սահմանադրական դատարանում հնարավոր կլինի բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նրա լիազորությունները դադարեցնելու որոշումները։ Սա դատավորների անկախության պաշտպանության լրացուցիչ երաշխիք է։ Սահմանադրական դատարանը Կառավարության դիմումով կկարողանա նաև ստուգել, թե արդյոք Հայաստանի մասնակցությամբ վերպետական կազմակերպությունների ընդունած ընդհանուր պարտադիր կանոնները համապատասխանում են Սահմանադրությանը։
Վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա խորհրդատվական պարզաբանումներ տալու օրենքների կիրառման վերաբերյալ։ Դա կօգնի, որ տարբեր դատարանները նմանատիպ գործերով օրենքները կիրառեն միատեսակ։ Օրենքով հնարավոր կլինի նաև վերաքննիչ դատարաններին որոշ գործերով այլ լիազորություններ վերապահել։
Նախագիծը կարևորում է նաև վեճերը առանց դատարանի լուծելու հնարավորությունը։ Օրենքով կարող են նախատեսվել նման ընթացակարգեր, այդ թվում՝ պարտադիր, որպեսզի որոշ վեճեր լուծվեն ավելի արագ, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազի։
Դատավորների ընտրության հարցում կարևորվում են նրանց գիտելիքները, մասնագիտական փորձն ու արժանիքները։ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար վերացվում է նվազագույն տարիքի պահանջը և վերանայվում են մասնագիտական փորձի պահանջները։ Դատավորների պաշտոնավարման առավելագույն տարիքը կսահմանվի օրենքով։
Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդը կառաջադրի մեկ թեկնածու, որին Ազգային ժողովը կարող է ընտրել կամ մերժել։ Նախատեսվում են նաև կանոններ, որպեսզի կրկնվող անհաջող քվեարկությունները չխոչընդոտեն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների ընտրությանը։
Նոր Սահմանադրությունը նախատեսում է նաև պաշտոնավարող բոլոր դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Ստուգվելու են նրանց մասնագիտական կարողությունները, վարքագիծը, գույքի համապատասխանությունն օրինական եկամուտներին և դատավորի պաշտոնին ներկայացվող մյուս պահանջները։ Գնահատումը կիրականացնի հատուկ հանձնաժողովը, որի անդամներին կընտրի Ազգային ժողովը։ Գնահատման արդյունքները հնարավոր կլինի բողոքարկել Սահմանադրական դատարան։
Բոլոր դատավորները վերագնահատվելու են նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում։ Այդ ընթացքում գործող դատավորները կշարունակեն քննել գործերը՝ որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ, և նրանց որոշումները կունենան նույն իրավական ուժը։ Վերագնահատման արդյունքներով կորոշվի նրանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու կամ ժամանակավոր լիազորությունները դադարեցնելու հարցը։ Վերագնահատման ենթակա կլինեն նաև Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամները։
Այս կարգավորումների նպատակն է պաշտպանել դատարանների անկախությունը, բարձրացնել դատավորների աշխատանքի նկատմամբ վստահությունը և արդարադատությունը դարձնել ավելի արդյունավետ։
Ինչպե՞ս են աշխատելու իրավապահ մարմինները
Նոր Սահմանադրության նախագծի ութերորդ գլուխը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին։ Հիմնական նպատակն է ապահովել դրանց անկախությունը, արդյունավետ աշխատանքը և պաշտպանությունը քաղաքական կամ այլ անթույլատրելի ազդեցություններից։
Նոր Սահմանադրությամբ դատախազությունը սահմանվում է որպես միասնական և անկախ համակարգ, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ Դատախազության անկախությունը կարևոր է, որպեսզի դատախազներն իրենց որոշումները կայացնեն օրենքի հիման վրա՝ առանց արտաքին միջամտության։
Նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել դատախազության անկախությունն ու արդյունավետ աշխատանքը։ Խորհուրդը կզբաղվի դատախազների թեկնածուների ընտրության գործընթացով, նրանց կարգապահական պատասխանատվության հարցերով և դատախազության գործունեությանն առնչվող այլ կարևոր խնդիրներով։ Այն իրավասու կլինի նաև քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի նկատմամբ։
Դատախազական խորհուրդը կունենա 10 անդամ, որոնցից 5-ը կլինեն դատախազներ, իսկ մյուս 5-ը՝ դատախազ չհանդիսացող անձինք։ Վերջիններից մեկն ընտրվելու է խորհրդարանական ընդդիմության առաջադրմամբ։ Նման կազմը նպատակ ունի ապահովելու, որ դատախազության կառավարման հարցերում հաշվի առնվեն տարբեր տեսակետներ և բացառվի որևէ խմբի գերիշխող ազդեցությունը
Դատախազությունը շարունակելու է իրականացնել իր հիմնական գործառույթները՝ քրեական հետապնդում հարուցել, վերահսկել մինչդատական վարույթի օրինականությունը և դատարանում պաշտպանել մեղադրանքը։ Միաժամանակ, դատախազությունը պաշտպանելու է հանրային շահերը, որոնք ներառում են ոչ միայն պետության, այլև համայնքների շահերը։
Դատախազների անկախության պաշտպանության համար նախատեսվում է նաև, որ նրանք կարող են դատարանում բողոքարկել իրենց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները։ Սա լրացուցիչ երաշխիք է կամայական որոշումներից և հնարավոր ճնշումներից պաշտպանվելու համար։
Նոր Սահմանադրությամբ հստակեցվում է նաև քննչական մարմինների կարգավիճակը։ Դրանք կարող են գործել գործադիր իշխանության համակարգում կամ լինել ինքնավար մարմիններ։ Սակայն կոռուպցիոն և պաշտոնեական հանցագործությունների քննությունը պարտադիր պետք է իրականացնեն ինքնավար քննչական մարմինները։ Սա կարևոր է, որպեսզի պետական պաշտոնյաների հնարավոր հանցագործությունները քննվեն անկախ՝ առանց գործադիր իշխանության ազդեցության։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը նախատեսում է դատախազության և քննչական մարմինների գործունեության այնպիսի համակարգ, որտեղ կարևորվում են անկախությունը, պատասխանատվությունը և օրենքի հիման վրա որոշումներ կայացնելը։
Համայնքների ինքնուրույնությունը
Նոր Սահմանադրության նախագծի իններորդ գլուխը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը՝ ինչպես են ձևավորվում համայնքային իշխանությունները, ինչպես են լուծվում համայնքի խնդիրները և ինչպես կարող են բնակիչները մասնակցել իրենց համայնքին վերաբերող որոշումների կայացմանը։
Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ համայնքի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ստացած ձայների հիման վրա։ Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից։ Այս կանոններն ամրագրվում են Սահմանադրությամբ՝ համայնքային ընտրությունների անցկացման հստակ և կայուն համակարգ ապահովելու համար։
Սահմանվում են նաև կանոններ այն դեպքերի համար, երբ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են։ Նախատեսվում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կարող է պաշտոնավարել առավելագույնը վեց ամիս, և պետք է անցկացվեն նոր ընտրություններ։ Նպատակն է ապահովել, որ համայնքի ղեկավարումը երկար ժամանակ չիրականացվի ժամանակավոր նշանակված անձի կողմից։
Նոր Սահմանադրությունը կարևորում է համայնքների ինքնուրույնությունը։ Համայնքները պետք է հնարավորություն ունենան իրենց վերապահված պետական որոշ գործառույթներ իրականացնել՝ հաշվի առնելով տեղական պայմաններն ու բնակիչների կարիքները։
Միաժամանակ, պետական մարմինները համայնքներին վերաբերող որոշումներ կայացնելուց առաջ պետք է խորհրդակցեն համապատասխան համայնքների հետ։ Սա հնարավորություն է տալիս համայնքներին ներկայացնելու իրենց կարծիքը և մասնակցելու իրենց առնչվող հարցերի քննարկմանը։
Առանձնահատուկ կարևորություն է տրվում բնակիչների անմիջական մասնակցությանը համայնքային կյանքին։ Նախագծով նախատեսվում է, որ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը՝ տեղական հանրաքվեի միջոցով։ Բնակիչները կարող են նաև տեղական հանրաքվեներով մասնակցել համայնքային նշանակության այլ հարցերի լուծմանը։ Այս մոտեցման նպատակն է, որ համայնքի ապագային վերաբերող կարևոր որոշումներում հաշվի առնվի հենց բնակիչների կամքը։
Նոր Սահմանադրությունը սահմանում է նաև համայնքների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության սահմանները։ Երբ համայնքը լուծում է իր սեփական խնդիրները, պետական մարմինները կարող են ստուգել միայն, թե արդյոք դրա որոշումներն ու գործողությունները համապատասխանում են օրենքին։ Նրանք չեն կարող միջամտել միայն այն պատճառով, որ համայնքի ընտրած լուծումը նպատակահարմար չեն համարում։ Այսպիսով, համայնքներն իրենց խնդիրները լուծելիս պահպանում են ինքնուրույնությունը։
Համայնքների միջև համագործակցության և միջհամայնքային միավորումների ստեղծման հարցերը կարգավորվելու են օրենքով՝ հնարավորություն տալով համայնքներին համատեղ լուծելու ընդհանուր խնդիրները։
Այս կարգավորումների նպատակն է ապահովել համայնքների ինքնուրույնությունը, բնակիչների մասնակցությունը տեղական որոշումների կայացմանը և համայնքային իշխանությունների արդյունավետ աշխատանքը։
Պետական մարմիններ՝ հանուն հանրային բարեկեցության
Նոր Սահմանադրության նախագծի տասներորդ գլուխը վերաբերում է անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին։ Այս մարմիններն իրականացնում են հանրային կյանքի տարբեր ոլորտների համար կարևոր գործառույթներ՝ մարդու իրավունքների պաշտպանությունից մինչև պետական ֆինանսների վերահսկողություն և ֆինանսական համակարգի կայունության ապահովում։
Նոր Սահմանադրությամբ սահմանվում են այդ մարմինների գործունեության ընդհանուր սկզբունքները և անկախության երաշխիքները՝ միաժամանակ հնարավորություն տալով օրենքներով ավելի մանրամասն կարգավորել դրանց աշխատանքը։
Նախատեսվում է, որ Ազգային ժողովը կարող է օրենքով ստեղծել ինքնավար մարմիններ տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկություններն ու հանրային կարիքները։ Սա հնարավորություն է տալիս պետական կառավարման համակարգն ավելի ճկուն դարձնել և անհրաժեշտության դեպքում ստեղծել մասնագիտացված մարմիններ։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը նախատեսվում է կարգավորել օրենքով՝ պահպանելով դրա անկախության անհրաժեշտ երաշխիքները։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի ճկուն արձագանքել տեղեկատվական ոլորտի զարգացմանը, այդ թվում՝ համացանցի և տեղեկատվության տարածման նոր եղանակների առաջացրած մարտահրավերներին։
Կարևոր կարգավորումներ են նախատեսվում Մարդու իրավունքների հանձնակատարի անկախության ապահովման համար։ Հանձնակատարն ընտրվելու է յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու հնարավորության։ Նպատակն է, որ նրա գործունեությունն ու որոշումները պայմանավորված չլինեն պաշտոնում կրկին ընտրվելու անհրաժեշտությամբ։ Սա լրացուցիչ երաշխիք է, որպեսզի հանձնակատարն իր լիազորություններն իրականացնի ազատ և անկողմնակալ։
Ընդլայնվում են նաև Հաշվեքննիչ պալատի լիազորությունները։ Այն կարողանալու է ուսումնասիրել ոչ միայն պետական բյուջեի միջոցների ծախսումը, այլև բյուջեի մուտքերը։ Այսինքն՝ վերահսկողությունը տարածվելու է ինչպես պետական միջոցների օգտագործման, այնպես էլ դրանց մուտքերի վրա։ Դա հնարավորություն կտա ավելի ամբողջական գնահատել պետական բյուջեի կատարումը և ապահովել հանրային ֆինանսների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն։
Կենտրոնական բանկի գործունեության նպատակներում ամրագրվում է նաև երկարաժամկետ տնտեսական զարգացմանը և հանրային բարեկեցությանը նպաստելու անհրաժեշտությունը։ Գների և ֆինանսական կայունության ապահովումը շարունակում է մնալ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը, սակայն ընդգծվում է, որ այդ կայունությունն ի վերջո պետք է ծառայի երկրի տնտեսական զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանը։
Այս կարգավորումների նպատակն է ապահովել, որ հանրային կյանքի կարևոր ոլորտներում գործող պետական մարմիններն ունենան իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ ինքնուրույնություն, իսկ դրանց գործունեությունը ծառայի հանրային շահերին։
Սահմանադրության հարցում որոշողը ժողովուրդն է
Նոր Սահմանադրության նախագծի տասնմեկերորդ գլուխը վերաբերում է Սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեներին։ Այս գլխի հիմնական գաղափարն այն է, որ երկրի համար կարևորագույն որոշումների կայացման գործում վճռորոշ դեր պետք է ունենա ժողովուրդը։
Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Սահմանադրությունը կարող է փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով։ Սա նշանակում է, որ Սահմանադրության ցանկացած փոփոխության համար անհրաժեշտ է ժողովրդի անմիջական համաձայնությունը։
Այս մոտեցման նպատակն է ապահովել Սահմանադրության կայունությունը և թույլ չտալ, որ որևէ քաղաքական մեծամասնություն միայնակ որոշի երկրի հիմնական օրենքի բովանդակությունը։ Սահմանադրության փոփոխության հարցում վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին։
Նախատեսվում են նաև քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու ավելի մատչելի պայմաններ։ Քաղաքացիական նախաձեռնությամբ օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ կլինի հավաքել 200 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքի համար նախատեսվում է 120 օր։
Այս պայմանները նպատակ ունեն քաղաքացիներին իրական հնարավորություն տալու հանդես գալու սեփական օրենսդրական նախաձեռնություններով։ Ավելի երկար ժամկետը հնարավորություն կտա հանրությանը ներկայացնելու առաջարկվող օրենքի բովանդակությունը, կազմակերպելու քննարկումներ և հավաքելու անհրաժեշտ ստորագրությունները։
Կարևորվում է նաև, որ հանրաքվեի մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու քննարկվող հարցին, լսելու տարբեր տեսակետներ և կայացնելու տեղեկացված որոշում։
Այսպիսով, նոր Սահմանադրությունը կարևորում է ժողովրդի անմիջական մասնակցությունը պետական որոշումների կայացմանը՝ ամրագրելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը որոշում է ժողովուրդը, իսկ քաղաքացիներն ունեն օրենքների ընդունմանը հանրաքվեի միջոցով մասնակցելու առավել հասանելի հնարավորություններ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1266367



