Եթե քննչականի հաղորդագրությունում տեսնեք զենքերի նկարներ, իմացեք՝ դրանցով որս էին անում. Գեղամ Մանուկյան
Վաղ առավոտից ուժային կառույցները մտել են ՀՅԴ անդամների տներ, խուզարկություններ իրականացրել, նրանցից ոմանց էլ՝ բերման ենթարկել։
Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե առգրավվել են Գևորգի օրինական զենքերը. «Մեր Գևորգը հայտնի որսորդ է, տանը եղել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են։ Զգուշացնում եմ՝ եթե քննչականի ինչ-որ մառազմատիկ հայտարարությունում տեսնեք զենքերի նկարներ, իմացեք, որ այդ զենքերով ժամանակին ազատագրված տարածքներում որս էին անում։ Դա որևէ բռնի իշխանափոխության նպատակ չունի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Գևորգ Մուրադյանի փաստաբանն ասաց, թե նա չունի ձերբակալվածի կարգավիճակ, ունի վկայի կարգավիճակ։
«Սակայն, իրեն արգելում են, որ իրացնի իր ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ Գեւորգ Մուրադյանը Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։