Եթե Փաշինյանն իր մեղքի բաժինը չընդուներ՝ դրա մասին չէր խոսի. Վահագն Ալեքսանյան
Դատաիրավական համակարգի վերաբերյալ արդեն տևական ժամանակ է մենք մեր դժգոհությունները և մոտեցումները հայտնում ենք խորհրդարանի ամբիոնից։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հարցին, թե ինչպես է, որ 6 տարի աշխատելուց հետո՝ հիմա նոր են հասկանում, որ հրաժարական տված պաշտոնյաները ձախողել են՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, ձախողել են, կարող եմ ասել, որ վարչապետը նրանց աշխատանքի արդյունքում կատարել է հետևություններ ու կայացրել է որոշումները»,-ասաց նա ընդգծելով։
Դիտարկմանը, թե նրանք չե՞ն հայտնվի այլ գերատեսչություններում՝ Ալեքսանյանն ասաց, չի կարող այդ հարցին պատասխանել. «Ամեն դեպքում՝ վարչապետն էլ է արձանագրել, որ խնդիրը ոչ թե անձնային է, այլ համակարգային»։
Հարցին՝ տպավորություն է, որ Փաշինյանը ՔՊ-ականների համար Աստված է, իսկ Աստծո գործերն անքննելի են. Ալեքսանյանն ասաց, որ իրենց թիմի մասին պատկերացումները թյուր են։ «Մեր թիմին անվանում են չափից շատ ժողովրդավարական։ Թիմի ներսում մենք ունենում ենք ամենատարբեր քննարկումները, հնչում են նաև քննադատություններ, համակարգային, ոչ համակարգային, անձնային, ոչ անձնային։ Դատաիրավական համակարգից դժգոհությունների մի մեծ ալիք եղել է մեր ինքնաքննադատությունների նիստի ժամանակ։ Այնպես չէ, որ մի տեղ նստած էին, մեկ էլ վարչապետը որոշում կայացրեց, այդպես չի եղել»։
Հարցին, թե ձախողումների մեջ Նիկոլ Փաշինյանն իր մեղքի բաժինը չունի՞՝ Ալեքսանյանն ասաց, որ եթե վարչապետն իր մեղքի բաժինը չընդուներ ու իր կայացրած որոշումների հետ խնդիրներ չտեսներ՝ դրա մասին ԱԺ-ում ելույթ չէր ունենա, կառավարությունում այդ մասին չէր խոսի։