հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի. Վլադիմիր Վարդանյան

Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի. Վլադիմիր Վարդանյան

Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց՝ երեկ բավականին երկար քննարկում է տեղի ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որի ընթացքում Կառավարության առաջարկությունների և իր ներկայացրած առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է:

Նախագիծը, մասնավորապես, լրամշակվել է 2 նոր օրենքով՝ Կառավարության կողմից առաջարկվել է նախագծի փաթեթում ներառել նաև «Սնանկության մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 

Վարդանյանի խոսքով՝ առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է և ավելի ամբողջական է դարձել, որպեսզի կարողանան լուծել այն խնդիրները, որոնք ի սկզբանե նախատեսված էին լուծել նախագծով:

Պատգամավորը ևս մեկ անգամ պարզաբանեց՝ նախագծով նախատեսվում է, ըստ էության, Կառավարության լիազոր մարմնի կողմից համապատասխան հիմքերի առկայության դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահին տալ համապատասխան լիազորություն՝ վարույթ հարուցելու և վարույթ հարուցելու շրջանակում կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ:

«Եվս մեկ անգամ հիշեցնեմ՝ քանի որ խոսվում էր կոլեգիալության մասին, կոլեգիալության գործառույթները պահպանվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որովհետև վարույթի, ըստ էության, ճակատագիրը, այսինքն՝ վերջնական որոշումը, կայացնելու է հանձնաժողովը: Խոսքը կանխարգելիչ միջոցառումների մասին է, որոնք պետք է կիրառվեն ընթացքում»,- պարզաբանեց պաատգամավորը:

Նրա խոսքով՝ նախագիծն ի սկզբանե հանրային եղանակով տեղադրված է եղել ԱԺ կայքէջում, և բոլորը հնարավորություն են ունեցել և՛ մեկնաբանել, և՛ քննարկել այն: 

«Որևիցե սահմանափակում օրենսդրական նախաձեռնության՝ այլ սուբյեկտների համար, այդ թվում՝ Ձեզ համար, չի եղել, և դրա վկայությունն է այն, որ Դուք ներկայացրել եք համապատասխան առաջարկներ: Իհարկե, առաջարկը հանգում էր հետևյալին. չքննարկել նախագիծը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին: 

Ինչ վերաբերում է Մինասյանի հարցին, թե ում է վերաբերում այս փոփոխությունը, ո՞ր սուբյեկտներին, իշխող խմբակցության պատգամավորը պարզաբանեց՝ խոսքը ոչ միայն ՀԷՑ-ին է վերաբերում, այլ էներգետիկայի ոլորտի բոլոր՝ անկյունաքարային դերակատարություն իրականացնող սուբյեկտներին: 

Ինչ վերաբերում է սահմանադրականության վերաբերյալ Մինասյանի դիտարկումներին, նշեց՝ սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնում է Սահմանադրական դատարանը:

«Եթե մենք կարծեինք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, այս նախագիծը չէինք ներկայացնի, եթե դուք գտնում եք, որ սահմանադրականության հետ խնդիր կա, իրավասու եք ձեր սահմանադրական լիազորությունների շրջանակում իրականացնել համապատասխան գործընթացներ»,- ասաց Վարդանյանը:

  • Կիսվել: