հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Եթե մենք չհենվենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ պետության գոյությունը կասկածի տակ է. Փաշինյան

Եթե մենք չհենվենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ պետության գոյությունը կասկածի տակ է. Փաշինյան

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, թե այսօրվա բրիֆինգում արդեն քանի անգամ է հնչել Իլհամ Ալիևի անունը։ Այսինքն՝ մեր քաղաքական դաշտում խոսույթ չկա, խոսույթը Իլհամ Ալիևն է: Որտեղ փաստարկ չկա, և փաստարկում չկա, պետք է օգտագործել Ալիևի անունը։ Մի ժամանակ 300 000 ադրբեջանցիներն էին։ Այդ ընդդիմությունը թող պատասխանի՝ ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները, որոնք, իրենց ասելով, արդեն իսկ ճամպրուկները հավաքած վերադառնում էին Հայաստան կամ գալիս էին Հայաստան։ Սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը պիտի տան։ Այսինքն՝ քաղաքական պատասխանատվություն պիտի հետևի այդ կեղծ խոսույթներին»։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական փաստարկների փոխարեն շահարկում է Ալիևի անունը՝ փորձելով նսեմացնել Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդի որոշման իրավունքը։ Վարչապետն ընդգծել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կարևորությունը՝ նշելով, որ դրանից է կախված պետության գոյությունը։

«Մենք ի՞նչ օրակարգ ենք դրել։ Ասում ենք՝ մենք ուզում ենք, որ Հայաստանի ժողովուրդն առաջին անգամ իր պատմության մեջ իր ազատ քվեով ընդունի Սահմանադրություն։ Ի՞նչ է ասում ընդդիմությունը։ Ասում է՝ Ալիևի Սահմանադրություն։ Այսինքն՝ իրենց նպատակը պետության, ժողովրդի ինքնիշխան իրավունքը նսեմացնելն է՝ պետությունը նսեմացնել, ինքնիշխանությունը նսեմացնել, ժողովրդի իշխանության ուժը նսեմացնել։ Եթե Հայաստանի ժողովուրդը մեր փաստարկները համարի արդարացված և ծանրակշիռ, ով էլ լինի, ինչ էլ լինի, այդ խնդիրը լուծվելու է։

Եթե ժողովուրդը չհամարի մեր փաստարկները ծանրակշիռ, ով էլ լինի, ինչ էլ լինի, այդ խնդիրը չի լուծվելու։ Բայց նաև ես, որպես Հայաստանի վարչապետ, շատ կարևոր եմ համարում, որ ժողովրդին առաջարկվի ռազմավարական, հստակ պատկերացում, թե մենք ինչ ենք անում և ինչի համար ենք անում։ Եվ ես հստակ ասում եմ՝ եթե մենք չհենվենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, Հայաստանի պետության գոյությունը կասկածի տակ է։ Եվ ես սրա մասին նոր չեմ խոսում, սրա մասին խոսել եմ մի քանի տարի առաջ և շարունակում եմ այս քաղաքական ուղեգիծը»,- նշեց նա։

  • Կիսվել: