Եթե այդ մշակույթն ինձ հասկանալի չէ, ում հասկանալի է, թող նա վճարի դրա համար. Փաշինյան
Իրավաբանական հանրությունն սկսում է օգտագործել այնպիսի բառապաշար, որը սովորական մահկանացուներիս ընդհանրապես հասանելի և հասկանալի չէ, և երդվյալ ատենակալների դատարանի գաղափարը կապ ունի նաև սրա հետ, որովհետև երբ կողմերը չկարողացան երթվյալ ատենակալներին հասկանալի լեզվով բացատրել ինչը, ինչոց, իրենց պրոբլեմն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում արդարադատությունը։
«Հիմա մեր պրոբլեմն է, որ մենք կամ հանրությունը երբեմն չենք կարողանում հասկանալ ինչի ինչոց է: Այդ երևույթը մեր իրականության մեջ շատ կա, օրինակ, երբ հանրությունը պետք է հաղորդակցվի մշակույթի հետ հասկանա այդ մշակույթը, ասում են՝ դե, գիտեք ինչ, սա այնուամենայնիվ էլիտար մշակույթ է և ոչ բոլորը պետք է հասկանան, սա նեղ շրջանակի համար մշակույթ է: Այստեղից հարց է ծագում՝ շատ լավ, եթե դա նեղ մշակույթ է, հանրությունը հարց կտա, կասի՝ ինչու եմ ես հարկեր վճարում, որպեսզի այս-այս մշակութային հաստատությունները պահպանեմ, որպեսզի նա արտադրի մշակույթ, որ անցնում է դատարկ դահլիճներում կամ հինգ, վեց, յոթ հոգու ներկայությամբ: Եթե այդ մշակույթն ինձ հասկանալի չէ, ում հասկանալի է, թող նա վճարի այդ մշակույթի գոյության և հետագա գործունեության համար։
Նույնն էլ արդարադատության դեպքում է։ Ասում են՝ դե գիտեք ինչ, կան այսպիսի բարդ իրավական հանգույցներ, նրբություններ: Ես չեմ ասում, որ բարդ հանգույցները չկան, ես ասում եմ՝ հանրությունը պիտի հասկանա, ինչ է տեղի ունենում և ինչու։ Ներքին համոզմունքը շատ կարևոր և առանցքային բան է, բայց եթե մենք չենք տեսնում, թե այդ ներքին համոզմունքը ինչի հիման վրա է ձևավորվել, հանրության մոտ է ներքին համոզմունք ձևավորվում, որ այս ներքին համոզմունքը ձևավորվել է ոչ ամենևին փաստերի և փաստարկների հիման վրա։
Ընդ որում, երբեմն մեր իրավաբանական հանրության ներկայացուցիչները կրակին յուղ են լցնում, ասելով՝ որ դե գիտեք ինչ, իրավաբանությունը ճշգրիտ գիտություն չի, եզրակացությունը կարող է այսպես էլ լինել, այնպես էլ լինել»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ ֆունդամենտալ պրոբլեմ է այն, որ արդարադատությունը ոչ այնքան ուշանում է, որքան տեղ չի հասնում: Ինքը անընդհատ պրոցես է, գնում է, գնում է ու չի հանգուցալուծվում: Պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում, այսինքն չկա այդ վերջին կետը, որ մենք եկանք, հասանք հետևյալ եզրակացության»: