ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Ես որևէ հույս չեմ կարող ունենալ». Թանդիլյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին

«Ես որևէ հույս չեմ կարող ունենալ». Թանդիլյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին

Գիտեք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է երկու երկրների  ՄԻՊ–երին. արդեն վերջին մարդասիրական օղակներին են փորձում աշխատեցնել, որը, ցավոք սրտի, չի ստացվում, որովհետև ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում ՄԻՊ չկա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան՝ անդրադառնալով նրան, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջերս նամակով դիմել էր Հայաստանի ու Ադրբեջանի ՄԻՊ–երին՝ կոչ անելով այցելել իրենց։

«Սա ցույց է տալիս, թե ինչ ծանրագույն վիճակում են գտնվում այնտեղ հայ գերիները, և անհրաժեշտ է օր առաջ նրանց վերադարձնել»,–ասաց նա։

Թանդիլյանի կարծիքով` այսօրվա օմբուդսմենը` Անահիտ Մանասյանը, վատագույն ՄԻՊ–ն է անկախ Հայաստանի պատմության մեջ. «Այն, թե ինչպես է նա ծառայում այսօրվա իշխանություններին, դա ուղղակի աղերս չունի ՄԻՊ լինելու հետ. նա չի հասկանում, որ մարդու իրավունքը հենց պետք է պաշտպանել պետությունից, ինչպես նաև հայ մարդու իրավունքը այլ պետություններից։ Հետևաբար նա պարտավոր է հայ մարդու իրավունքների պաշտպանության համար հասնել այն տեղ, որտեղ պետք է։ Եվ սա է, որ չի անում, չի անելու, և ես վստահաբար կարող եմ ասել՝ այս իշխանության օրենքի  ոչ մի բան առանց Փաշինյանի թելադրանքի տեղի չի ունենում»,– նշեց նա։

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը հույս չունի, որ հունիսի 7–ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ և հետո Բաքվում գերի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձ կլինի։

«Տարբեր սցենարներ են հնարավոր. ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից. եթե իշխանափոխություն լինի, ապա նոր միայն կարող ենք խոսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին։ Ես վստահ եմ, որ այս իշխանություններն ուղիղ շահառու են նրանց այնտեղ պահելու, հետևաբար, ոչ, որևէ հույս ես չեմ կարող ունենալ»,– ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է մինչ ընտրությունները մյուս գերիների վերադարձին, ապա Թանդիլյանը չի բացառում, որ նման սցենար լինի։

«Դա կարող է այլ հանգամանքներով պայմանավորված լինի, սակայն ոչ զուտ այդ մարդկանց մարդասիրական տեսանկյունից ընտանիք վերադարձնելու համար։ Դա կարող է լինել նախընտրական ինչ–որ քայլ` այս իշխանություններին Ադրբեջանի կողմից աջակցելու համար»,– վստահ է նա։

  • Կիսվել: