«Ես գնալու եմ քննիչ հանձնաժողով, թող ինքն էլ գա». Փաշինյանն Օսկանյանին հրավիրեց քննարկման
ԼՂ իշխանությունն իմ բոլոր քայլերին տեղյակ է եղել, ավելին, ես նույնիսկ բանակցային փաթեթները փոխանցել եմ ԼՂ իշխանությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններին:
ԼՂ հիմնախնդրի շրջանակում խոսելով Մադրիդյան սկզբունքներից՝ վարչապետը հիշեց, որ այս տարվա փետրվարի 24-ին մի քննարկման ժամանակ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ դեռ տարիներ առաջ ինքը Փաշինյանի աջակիցներին խնդրել է վարչապետին փոխանցել, որ մադրիդյան փաստաթղթի հեղինակն ինքն է և Փաշինյանը կարող է կանչել և գործակցել, Փաշինյանը անդրադարձավ այս հարցին ևս․ «Երկրորդը, վերջերս մի պաշտոնյա ասում է՝ ես այն ժամանակ ուզում էի առաջարկեի, որ էս աներ, էս աներ, թող առաջարկեին: Ավելին ասեմ, հիմա թող գրավոր հրապարակեն էն, ինչ որ այն ժամանակ ուզում էին առաջարկել: Չեն անում, գիտե՞ք ինչու, որովհետեւ իրենց գրածը էդ հարցերն է բերելու: Այդ բոլոր մարդիկ, որոնք տեղյակ էին, թող գրեին, ասեին՝ դու չես հասկանում, կա քայլ մեկ, քայլ երկու, քայլ երեք: Կամ թող ասեին՝ արի հանդիպենք, մենք քեզ ասելու բան ունենք, ինչո՞ւ չեն ասել: Թող Վարդան Օսկանյանն այսօր հրապարակի, թե 2018-ին կամ 2019-ին ինչ խորհուրդ էր տալու ինձ: Ես Վարդան Օսկանյանի հետ պրոբլեմ ունեմ, որ ինքը էդ Մարդիդյան սկզբունքներով էս շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է դարձրել»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ինքը ևս գնալու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. «Ես էլ եմ գնալու քննիչ հանձնաժողով, ինքն էլ թող գա, ասի՝ ես սենց բաներ պետք է ասեի: Իսկ պատասխանատվության մասով չեմ կարող հերքել, չեմ էլ կարող խուսափել պատասխանատվությունից, չեմ էլ ուզում:
«Իմ ասածն այն է, որ էս դահլիճում, էս դահլիճից դուրս կռիվ ենք արել, վիճել ենք, դուք ինձ եք դավաճան ասել, ես ձեզ եմ դավաճան ասել: Ինչ հնարավոր էր՝ ասել ենք: Ասում եմ՝ լավ, մի պահ կա, եկեք հլը փաստարկների դաշտում հասկանանք, կարող է ինչ-որ բան ես լավ չեմ հասկանում: Կարող է՝ ինչ-որ բան ես լավ չեմ հասկանում, որովհետև ես ամենագետ չեմ, աշխարհի բոլոր բանաստեղծություններն անգիր չգիտեմ, չնայած մի քանիսը գիտեմ»,-ասաց վարչապետը:


