Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ պետք է ընտրեր, սակայն «Իմ քայլը» նիստին չներկայացավ
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 11-ին նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է. Երեւանի քաղաքապետի ընտրության հարցը: Սակայն ժամը 10-ի Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը նիստերի դահլիճում մենակ էր, ոչ ոք չէր ներկայացել նիստին:
«Երեւանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետով հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»,-ասաց Լեւոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի վագանու ապրիլի 4-ի նիստում որոշում էր կայացվել Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ապրիլի 11-ը:
Իր հերթին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: «Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հավելել էր նա:
Ընդմիջումից հետո, սակայն, քվորում չապահովվեց և նիստը համարվեց չկայացած։
«Հարգելի ներկաներ, Երևանի ավագանու արտահերթի նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու հետ կապված, դարձյալ քվորում չի ապահովել, ուստի, հիմք ընունելով Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետը, նիստը համարվում է չկայացած»,- հայտարարեց Հովհաննիսյանը։


