ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Էն ժամկետնանց բիձեն՝ Անդրանիկ Քոչարյանը, թող գա, պատասխան տա. անհետ կորածների հարազատները՝ ԱԺ դիմաց

Էն ժամկետնանց բիձեն՝ Անդրանիկ Քոչարյանը, թող գա, պատասխան տա. անհետ կորածների հարազատները՝ ԱԺ դիմաց

Անհետ կորածների հարազատները պահանջում են 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակել, ոչ թե՝ արխիվացնել։ Նրանք արդեն շուրջ երկու ժամ է, ինչ ԱԺ-ում են, սակայն հստակ պատասխան դեռ չեն ստացել։

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Դիմումն ուղարկել ենք, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պետք է հանրայնացնի, քանի որ դա հանրային հետաքրքրություն առաջացնող թեմա է, դա սահմանադրորեն մեր իրավունքն է։ Պատերազմից հետո դատական ատյաններում մենք ճանաչվել ենք տուժողի իրավահաջորդ, այսինքն առաջնահերթ մենք իրավունք ունենք պետականորեն ստանանք պատասխան մեղավորների քննիչ հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ՝ ովքեր էին մեղավորները, ովքեր էին դավաճանները, ովքեր էին սրիկաներ և այլն։ Դեկտեմբերի 25-ից մինչև հիմա ոչ մի պատասխան չստացանք, ոչ զանգում են, ոչ էլ զանգերիս են պատասխանում։ Այսօր հավաքվել ենք, եկել ենք այստեղ, որ մեր պատասխանը լսենք։

Շուրջ երկու ժամ սպասեցնելուց հետո, անհեթեթ, արհամարհական պատասխան են տալիս, որ մենք ձեզ ասելու բան չունենք, այդ ամեն ինչը գաղտնիք է։ Ես ուղղակի հարց եմ տալիս՝ ո՞ւմ գաղտնիքն է, ո՞ր պետության գաղտնիքն է։ Եթե 44-օրյա պատերազմը եղել է Արցախում, իսկ ըստ իրենց, դա Ադրբեջան է, հիմա Ադրբեջանի պետական գաղտնիքը իմ երեխուց կարևո՞ր է։

Այսինքն հարցը փակվեց, գնաց, մեզ էլ ճամփու դրի՞ն։ Չկա տենց բան, մոռացեք, ով ուզում է գա վերևից, Քրիստոսը 12 առաքյալներով գա ինձ ասի՝ ես չունեմ պատասխան ստանալու, ես իրեն կասեմ՝ ունեմ ու ստանալու եմ։ Ինչ միջոցով, դա էլ արդեն ես գիտեմ»,–ասաց նա։

Ծնողները փոխանցեցին, ասացին՝ էն ժամկետանց բիձեն՝ Անդրանիկ Քոչարյանը, թող գա, պատասխան տա։ Նախորդ անգամ, որ էլի այստեղ հավաքվել էինք նույն հարցով, էն ժամանակ մեզ «կտեցին», ճամփեցին։ Այս անգամ մենք չենք շեղվելու, եկել ենք մեր պատասխանների հետևից ու դա պետք է ստանանք»։

Նշենք, որ այդպես էլ ԱԺ–ում ծնողներին ոչ ոք չընդունեց և նրանք որոշեցին գնալ և ակցիան շարունակել նախագահական նստավայրի մոտ։

  • Կիսվել: