ԵՄ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է Կատարի իշխանությունների հաշվին այդ երկիր այցելելու և այնտեղ հանգստանալու մեջ
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կարգապահական ընթացակարգ է սկսում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Տրանսպորտի հարցերով ԵՀ նախկին գլխավոր տնօրեն, Էստոնացի Հենրիկ Հոլոլեյի նկատմամբ, որը կասկածվում է Կատարի հետ կոռուպցիոն կապերի մեջ։
«Պատկան մարմինները մարտի 21-ին որոշում են կայացրել կարգապահական վարույթ անցկացնելու մասին, և այն շարունակվում է։ «Ինձ համար ակնհայտորեն դժվար է մանրամասնել՝ հաշվի առնելով, որ ընթացակարգը դեռ ավարտված չէ», - Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Բալաշ Ուջվարին։
«Ինչ վերաբերում է Եվրոպական դատախազությանը, ապա ես կարող եմ միայն հաստատել, որ այս փուլում այն հանձնաժողովին չի տեղեկացրել հետաքննություն սկսելու մասին»,- հավելել է խոսնակը։
Այսօր եվրոպական լրատվամիջոցները հայտնել են, որ Հոլոլեյը, լինելով ԵՀ Տրանսպորտի գլխավոր տնօրենը, Կատարի իշխանությունների հաշվին 2015-2021 թվականներին մի քանի անգամ այցելել է Դոհա, երբեմն իր ընտանիքի հետ, այդ թվում՝ հանգստի և ժամանցի համար՝ դրանով իսկ խախտելով «շահերի բախման, թափանցիկության, նվերների ընդունման և փաստաթղթերի բացահայտման կանոնները»:
Փարիզի Le Figaro պարբերականը հիշեցրել է, որ այն ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնյան բանակցում էր «բաց երկնքի» համաձայնագրի շուրջ, որը Qatar Airways-ին ավելի մեծ մուտք կտար դեպի Եվրամիություն։ Եվրոպական դատախազությունը անցյալ տարվա նոյեմբերի սկզբին հայտարարեց, որ հետաքննություն է սկսել գործարքի վերաբերյալ։