Տպավորություն է, թե ընդդիմությունն առաջադրել էր ոչ թե Էդգար Ղազարյանի թեկնածությունը, այլ Ամալ Քլունիի․ Վահագն Ալեքսանյան
ՄԻՊ-ի մասին ընդդիմության կարծիքները լսելիս անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ պաշտոնում ընդդիմությունը առաջադրել էր ոչ թե Էդգար Ղազարյանին, այլ օրինակ՝ Ամալ Քլունիին, որովհետև այն նշաձողերը, որոնք այս մարդիկ ներկայացնում էին ՄԻՊ-ի համար՝ անկողմնակալություն, կախվածության բացառում, պայքար հանուն մարդու իրավունքների ու ազատ խոսքի, ում ասես կարելի է վերագրել, բայց ոչ այն թեկնածուին, որին ընդդիմության երկու խմբակցությունները միաձայն առաջադրել էին մի ՀԿ-ի թելադրանքով, որը հենց հանձնաժողովի նիստի օրը ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ կոչ էր անում, որ ՀՀ վարչապետին սատարող քաղաքացիների մարմինները գլխիվայր կախեն ծառերից։
ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և ընդգծեց, որ մինչև այսօր ընդդիմությունը ներողություն չի խնդրել նրա համար, որ, իր խոսքով, ֆաշիստական այդ խմբավորման դրդումով մարդ է բերել ու մտցրել ԱԺ․ «Նույնիսկ ոչ մի դատապարտման խոսք չի հնչել այս արտահայտությունների հետ կապված։ Բայց զարմանալ պետք չէ, որովհետև այս մարդկանց թիմակիցները Շիրակի մարզում ծեծում էին անպաշտպան պապիկների»։
Դիմելով նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորների՝ Ալեքսանյանն ասաց․ «Երբ խոսում ես հանձնաժողովի նիստի ընթացքում Արթուր Հովհաննիսյանի կամ մերկ ուրիշի խոսքերի մասին, ես ստիպված եմ կրկնել նիստի իմ խոսքից մի հատված․ երբ մեղադրում եք Մանասյանին նրանում, որ այնտեղ լինելով չի արձագանել իրավիճակին, ասեմ, որ նա այդ սենյակում չէր, բայց էլ ավելի հետաքրքրիր փաստ ասեմ, դուք էլ այդ սենյակում չիք , բա դուք խի՞ այդ սենյակում չէիք։ Առաջարկել եք ՄԻՊ թեկնածու, բա՞ դուք ինչի չէիք էկել։ Ես ասեմ՝ չէիք եկել, որովհետև ամաչում էիք , բայց ոչ թե Էդգար Ղազարյանից՝ որպես թեկնածու, այլ այն փաստից, որ Էդգար Ղազարյանը հանդիսանում է ձեր լավագույն սերուցքը, որ Էդգար Ղազարյանը հանդիսանում է ձեր թե՛ նախագահի, թե՛ վարչապետ, թե ՛ՄԻՊ-ի թեկնածուն։ Էդգար Ղազարյանը հանդիսանում ձեր վերևի «պլինտուսը», ձեր առասատաղն է նա, նրա մտքի թռիչքը՝ ձեր մտքի թռիչքի սահմանն է, պարկեշտության սահմանը՝ ձեր պարկեշտության վերին սահմանն է, ինտելեկտը՝ ձեր հավաքական ինտելեկտն է»։
«Խնդիրն ուղղակի այն է, որ դուք չափազանց մտահոգված եք սեփական PR-ով, ու կարծում եք, որ խնդիրն այն կլիներ, որ Ղազարյանի ներկայությամբ բոլորդ բավականին խամրած տեսք կունենայիք»,-ասաց Ալեքսանյանը։
Դիմելով ՄԻՊ թեկնածուին՝ պատգամավորը նշեց, որ Մանասյանի դերը՝ որպես ՄԻՊ թեկնածու հանրության մեջ մեծ է լինելու՝ հատկապես հանրային հարաբերությունների ներկա ֆոնին․ «Խնդիրներ ունենք կազմակերպված ատելության խոսքի հետ, թիրախավորման հետ, որքան էլ խոսում ենք, որ ՄԻՊ-ը պետք է դուրս մնա քաղաքական գործընթացներից, բայց այս գործընթացները շատ հաճախ ուղիղ իմաստով առնչվում են քաղաքականությանը, որովհետև մենք փաստացի ՀՀ-ում ունենք նախկին-ներկա քաղաքական գործիչներ, ովքեր թիրախավորում, պիտակավորում են մարդկանց՝ իրենց քաղաքական հայացքների համար»։


