Դեսպան Աֆյանն ընդգծել է Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի գործարկման կարևորությունը
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը ելույթով հանդես է եկել «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կապ. գլոբալ աճի ֆորում 2025» խորագրով միջոցառմանը: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հնդկական գործարար շրջանակներին ուղղված իր խոսքում դեսպան Վահագն Աֆյանը, անդրադառնալով համաշխարհային տնտեսական արագ ընթացող զարգացումներին և պահանջված առավել խոր գործընկերությունների հաստատմանն ու համագործակցության նորարարություններին, բարձր է գնահատել հայ-հնդկական դինամիկ զարգացող հարաբերություններն ու վերջին շրջանում բազմակողմանի ներգրավվածությամբ ռազմավարականին ձգտող երկկողմ գործընկերությունը:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճ արձանագրող ցուցանիշներին՝ ՀՀ դեսպանը քաջալերել է ներկաներին, համատեղ արտադրությունների հիմնման նպատակով, առավել ակտիվ փոխգործակցություն իրականացնել Enterprise Armenia Ներդրումների աջակցման կենտրոնի հետ՝ դիտարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, տեքստիլ արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառների ներդրումային հնարավորությունները։
Ընդգծվել է Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի գործարկման կարևորությունը՝ բիզնես կապերի աշխուժացման և շարժունակության ապահովման տեսանկյունից: Այս համատեքստում առանձնանշվել է նաև Հնդկաստանի հետ լոգիստիկ կապի հաստատման հրամայականի մասին՝ անդրադարձ կատարելով ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Դեսպան Վ. Աֆյանն ամփոփել է. «Մենք պատկերացնում ենք Հայաստանը որպես առևտրային և տարանցիկ կամուրջ՝ ոչ միայն աշխարհագրական, այլև ռազմավարական առումով՝ հնդկական փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ձգտում են ընդլայնվել նոր տարածաշրջանային շուկաներում»։