երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Դատախազը չբացառեց այլ պատգամավորների ևս անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելը

Դատախազը չբացառեց այլ պատգամավորների ևս անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելը

Գալստանյանի կեցավայրում արված ձայնագրություններում այլ մարդիկ ևս գալիս, գնում են, օրինակ, Իշխան Սաղաթելյանը. ԱԺ-ում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով գլխավոր դատախազին։ 

«Ըստ էության, խոսակցություններում մի ամբողջ կուսակցություն է ծառայեցվում այս պրոցեսն իրականացնելու համար։ Իշխան Սաղաթելյանը թվեր է խոստանում, Գառնիկ Դանիելյանն էլ այն մարդկանցից մեկն էր, որ խուզարկությունների օրը Վազգեն Գալստանյանի կեցավայրում հայտարարեց, թե ինքն է այդ կեցավայրի վարձի փողը տալիս։ Այսինքն, մի վայրի վարձի փող, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում»,- ասել է Հովհաննիսյանը։ 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն, ի պատասխան, նշել է, որ Էլի անձինք կան, որոնց վերաբերյալ քննչական, ստուգողական գործողություններ են կատարվում։

«Որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի ԱԺ»,- ասել է Վարդապետյանը։ 

Նա նաև խնդրել է կանխատեսական դատողություններ չանել, այլ թողնել, որ քննությունն ինտենսիվ ընթանա. «Չի բացառվում՝ այլ անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ ու ազատազրկման հետ կապված միջնորդություններ լինեն»։

  • Կիսվել: