հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ցիլո, քարտեզ. իշխանությունը ֆիքսված է միայն իր ընտրազանգվածի վրա. Նրանք անլրջացնում են պրոցեսը. Քոչարյան

Ցիլո, քարտեզ. իշխանությունը ֆիքսված է միայն իր ընտրազանգվածի վրա. Նրանք անլրջացնում են պրոցեսը. Քոչարյան

Ես հետևում եմ իշխանության քարոզարշավին, դուք որևէ տեղ բովանդակային քննարկում լսե՞լ եք, չկա՞. Վարչապետը ստրիմեր է դարձել, միկրոֆոնը դրած, փողոցները ընկած, մեքենայում ազդանշան տալով ողջունելով, կենցաղային մակարդակի վրա քարոզարշավ են տանում։ Այս մասին հերթական փոդքասթում նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Լուրջ քննարկումներից իրենք ուղղակի խուսափում են, եթե նույնիսկ հաղորդումներ կան, որտեղ բանավեճ է, այդ բանավեճը վերածվում է լաչառության, և միակ ճանապարհը իրենց զանգվածի վրա ազդելու, դա պրոցեսը անլրջացնելն է։ Ցիլո, քարտեզ, փողոցում ինչ-որ բան բաժանել, մի քիչ ծաղրածուի կերպարի մեջ մտնել, կիսալուրջ, կիսաանլուրջ, և կարծում եմ՝ սրա համար են անում, պրոցեսը անլուրջացնել մաքսիմալ ձևով, որի ընթացքում բովանդակային քննարկումներ հնարավոր չի ունենալ։

Ես մի բան էլ եմ նկատում. իրենք ֆիքսված են միայն  իրենց հավատարիմ զանգվածի վրա։ Իրենք չեն փորձում հայ ժողովրդին համոզել ինչ-որ բանում։ Ֆիքսված են բացառապես ինչ-որ մի զանգվածի վրա, որի վրա իրենց կարծիքով դեռ իրենք ազդեցություն ունեն։

Մենք մեր քարոզարշավը դեռ չենք սկսել, բայց այն, ինչ մենք անում ենք, փորձ ենք անում համոզել հայ ժողովրդին տարբեր շերտերի, որ մենք ճիշտ ենք, որ այս կամ այն քայլերը սխալ են արվում, որ պետք է շտկել քաղաքականությունը։ Այն, ինչ մենք անում ենք նեղ ընտրազանգվածին չի ուղղված։

Իսկ ինքը չի փորձում համոզել հայ ժողովրդին, ինքը փորձում է համոզել այն զանգվածին, որը իր կարծիքով դեռ հավատարիմ է մնացել կառավարությանը, վարչապետին։ Տարբերությունը սրա մեջ է»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ միգուցե զուտ ընտրական տեսանկյունից ճիշտ են անում, բայց իշխանությունը ունի պարտավորություն՝ խոսել ամբողջ ժողովրդի հետ. «Տարբերությունը ընդդիմության և իշխանության հենց դրա մեջ պետք է լինի։ Իշխանությունը պատասխանատու է, ունի լծակներ։ Իշխանությունը մեզ կարող է տանել կործանման, կարող է տանել բարգավաճման, բայց իշխանության կոմունիկացիան պետք է լինի ամբողջ ժողովրդի հետ։ Ինքը այդ կոմունիկացիան նեղացրել է։

Սա պրոբլեմ է Հայաստանի համար։ Միգուցե զուտ էլեկտրոնային առումով ինքը ճիշտ է անում, բայց այդ դեպքում ինքը իր տեսակով առաջնորդ չէ։ Ինքը չի մտածում երկրի մասին,  ինքը տվյալ դեպքում մտածում է իր աթոռը ամեն գնով պահելու մասին։Մի երկու-երեք տարի առաջ ես այս հարցի շուրջ արտահայտվել էի, որ մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն։ Մենք մեզ պահում ենք որպես պետականամետ մարդիկ՝ փորձելով համոզել հայ ժողովրդին, իրենք մնացել են իրենց հոգեբանությամբ, իրենց կեցվածքով ընդդիմադիր։ Իշխանական աթոռին նստած դու քեզ պահում ես որպես ընդդիմադիր ու մեկ-մեկ անցնում է դա կլոնադայի։ Դու չես կարող այդ կեցվածքով աշխատացնել պետական համակարգ։ Հազարավոր մարդիկ ամենօրյա գործով աշխատում են որպես քաղծառայողներ, պետական ծառայողներ, դու անլրջացնում ես ամբողջ այդ համակարգը, որովհետև դու իրենց կառավարիչն ես այսօր։ Սա լրջագույն պրոբլեմ է, իմ տպավորությունն այնպիսին է, որ միգուցե մինչև վերջ դեռ չբացատրված, չգիտակցված է սա, բայց սա մեր այսօրվա պրոբլեմների մի մասը գալիս է նաև այստեղից»,–ասաց նա։

  • Կիսվել: