Չնայած 110 տարի անցել է մեծագույն հանցագործությունից, սակայն մենք դեռ առերեսվում ենք ժխտողականության, փաստերի աղավաղման հետ. Էդիտա Գզոյան
Քանի որ Թուրքիան մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, հայ ժողովուրդը իր հայացքն ուղղել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով ճանաչել ճշմարտությունն ու արդարությունը, քանի որ պատմության հետ առերեսումն ու նախկին հանցագործությունների ընդունումը կարևոր է՝ նման ոճրագործությունները կանխելու տեսանկյունից։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
«Չնայած 110 տարի անցել է մեծագույն հանցագործությունից՝ մենք դեռ առերեսվում ենք ժխտողականության, փաստերի աղավաղման հետ և պայքարում ենք հանուն արդարության, հանուն մարդու իրավունքների, ինչը խիստ կարևոր է ոչ միայն հայերի, այլև համայն մարդկության համար»,- ասաց Գզոյանը։
Նրա կարծիքով՝ «Ակոս» թերթի խմբագիր, անվանի հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ շատերի մոտ հույս արթնացավ առ այն, որ թուրքական հասարակությունը կարող է պատմության հետ առերեսվելու փորձ կատարել, քանի որ Թուրքիայում զանգվածային ակցիաներ եղան՝ «Բոլորս հայեր ենք», «Բոլորս Դինք ենք» կարգախոսներով։
«Այդուհանդերձ, Թուրքիայում վերջին շրջանում ավելի է ընդգծվել քաղաքական իշխանությունների հակումը դեպի բռնապետական կարգերը։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո բազմաթիվ ազատախոհ գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ զրկվեցին աշխատանքից և հիմա ավելի դժվարությամբ են խոսում Հայոց ցեղասպանության մասին, քան Հրանտ Դինքի սպանությունից հետո, հետևաբար ես լավատես չեմ այն հարցում, որ թուրք հասարակությունն այս պահին պատրաստ է ճանաչել մեծագույն այդ ոճրագործությունը, թեև ոչ վաղ անցյալում կարծում էի, որ հենց հասարակությունը կարող էր Թուրքիայի իշխանություններին ստիպել առերեսվել պատմական իրողությունների հետ»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Գզոյանը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության թանգարանի նյութերի հարստացման գործընթացը շարունակական է, և տարեցտարի տեղի է ունենում նոր նյութերի ձեռքբերում Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների միջոցով։
«Անցյալ տարի մենք նախաձեռնեցինք արխիվային նյութերի ձեռքբերման գործընթաց և հնարավորություն ունեցանք շուրջ 50 000 արխիվային նյութեր ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններից, ինչը մեզ անհրաժեշտ է նաև գիտական ուսումնասիրությունների համար, այնպես որ մեր գիտաշխատողներին տրվել են հսկայածավալ նյութեր նոր աշխատություններ հրատարակելու համար։ Չնայած աշխարհի բոլոր անկյուններում հայ և օտարազգի մասնագետների կողմից ուսումնասիրվում են այդ փաստերը՝ դեռ կան արխիվային նյութեր, որոնք ուսումնասիրման կարիք ունեն։ Թանգարանն այժմ զբաղված է նաև այդպիսի նյութերի ձեռքբերման գործով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Թանգարանի տնօրենի դիտարկմամբ՝ Հայոց ցեղասպանությունը փաստացի ապացուցելու կարիք չկա, շատ վաղուց ապացուցվել է, փաստական հիմքն ահռելի է, արխիվային նյութեր կան աշխարհի շատ երկրներում, բազմաթիվ գիտնականներ զբաղվում են այդ հարցով և նրանց թվում չկա որևէ մեկը, ով կասկածի տակ է դնում այդ իրողությունը։
«Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացները, ցավոք, քաղաքական բնույթ են կրում և կապված են երկրների քաղաքական որոշումների հետ, բայց մեր թանգարանի և սփյուռքի կառույցների գործունեությունն ուղղված է կրթելուն, ցեղասպանության մասին գիտելիք տալուն, հետևաբար բարենպաստ քաղաքական իրավիճակի դեպքում ճանաչման գործընթացը կշարունակվի նաև այլ երկրներում։ Հենց երեկ բացված մեր ցուցադրությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության փաստագրված լինելու հանգամանքին։ Ցույց տվեցինք, թե որքան շատ ականատես-վավերագրողներ են եղել Օսմանյան կայսրությունում, որոնք դեռ Ցեղասպանության իրականացման ժամանակահատվածում էին փաստերով գրում այդ մասին։ Աշխարհն արդեն իսկ 1915 թվականին տեղյակ էր, թե ինչ է կատարվում հայերի հետ»,- եզրափակեց Գզոյանը։