Չի կարող քաղաքացին կոչ անել հրաժարվել ինքնիշխանությունից, դա ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հակաբարոյական է․ Վլադիմիր Վարդանյան
Նախագծի առնչությամբ մի պարզ կոնսենսուս գոյություն ունի։ Բոլորս կարծես թե դահլիճի աջ ու ձախ կողմում գաղափարին կողմնակից ենք, և սա երևի ամենակարևոր ձեռքբերումն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Նա նկատեց, որ հիմնական խնդիրները, որոնք առաջ են քաշվում, ձևակերպումների հետ են կապված։
«Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ ծավալի և բովանդակության շրջանակներում ենք փորձում ամրագրել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի և նման դրսևորումների հետ կապված հարաբերությունները։ Բոլորս մտածում ենք այն ուղղությամբ, որ այս երևույթը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հակաբարոյական, չի կարող երկրի քաղաքացին կոչ անել հրաժարվել ինքնիշխանությունից»,– ասաց նա։
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հակված են նրան, որ անհրաժեշտ է հստակ սահմանել այն ծավալները և բովանդակությունը, որը պետք է ունենա այս հոդվածը։


