հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Չեխիայի նորանշանակ դեսպանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերիների վերադարձման հարցում

Չեխիայի նորանշանակ դեսպանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերիների վերադարձման հարցում

Փետրվարի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով դեսպանին, մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ առաքելություն: Գոհունակությամբ փաստելով երկու երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու գործակցությունը՝ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական և բարի արդյունքներ կապահովեն երկու ժողովուրդների համար: Հայոց Հայրապետն ընդգծել է, որ հայ-չեխական կապերի առավել ամրապնդման գործում նաև իր կարևոր նպաստն է բերում Չեխիայի հայ համայնքը: Այս առիթով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն ի դեմս դեսպանի իր գնահատանքն է փոխանցել Չեխիայի իշխանություններին և Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցուն հայ համայնքի հանդեպ դրսևորվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:

Նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Նորին Սրբությանը վստահեցրել է, որ իր ներդրումը կբերի հայ-չեխական փոխհարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային և գոյաբանական հիմնախնդիրներին, պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է միջազգային կառույցների և բարեկամ երկրների ջանքերը՝ ի խնդիր տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատման՝ կարևորելով նաև միջնորդական շարունակական ջանքերը Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման համար։

Իր հերթին դեսպան Պիրունչիկը հաստատել է, որ Չեխիան զորակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատման Եվրամիության ջանքերին, և պատրաստակամություն է հայտնել աջակցելու գերիների վերադարձման հարցում։

 

 

  • Կիսվել: