Բայրամովն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացին և հեռանկարներին վերաբերող հարցեր։
«Հատուկ ներկայացուցիչը հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Վաշինգտոնի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված հաջողություններին»,-հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում երկու երկրի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված խաղաղության համաձայնագրերի իրականացմանը»,-ասել է Գրոնոն։
Նշվում է նաև, որ մտքեր են փոխանակվել երկկողմ ու տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


