Բանակցային գործընթացի հանրայնացման կարիքը մենք չունենք, դա արել է Նիկոլ Փաշինյանը․ Մամիջանյան
Բանակցային գործընթացի հանրայնացման կարիքը մենք չունենք, դա արել է Նիկոլ Փաշինյանը Կապանի իր ասուլիսի ժամանակ՝ հստակ ներկայացնելով, թե այդ պահին ինչ բանակցային ժառանգություն է ստացել ինքը և իր խումբը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում խորհրդարանական հայտարարությունների ժամին ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ քաղաքացիներին հորդորելով բացեն, նայեն այդ փաստաթղթերը և հասկանան, թե այն ինչ «երանելի ժառանգություն» էր:
Նա նաև հիշեցրեց, որ դրանից հետո համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով չհրապարակել կոնֆիդենցիալ փաստաթղթերը. «Ի թիվս հազարավար տարբերությունների՝ հենց դա է ձեր և մեր տարբերությունը, որ մենք հասկանում ենք, թե ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ:
Դրանից հետո դրա մասին խոսել են ՌԴ ներկայացուցիչները՝ ասելով, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացում որպես շրջանառվող կամ քննարկվող փոխզիջում»,-ասաց Մամիջանյանը:
Նա ցավով մեջբերեց նաև Ալիևի խոսքերն այն մասին, որ այն ժամանակվա փաստաթղթերով Քելբաջան ու Լաչինը երբեք չէին դառնալու ադրբեջանական:
«Եկեք հիշենք, թե 2018 թվականին ինչպես է Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության եկել Ադրբեջանի նախագահի հետ, սահմանային լարում չստեղծել, քանի որ ինքը ներքաղաքական խնդիրներ ունի: Փառք Աստծո՝ էլի հայ զինվորի կյանք է փրկվել, բայց փաստացի՝ էլի մեր վրա Ալիևին են բերել»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Նա նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանը Սյունիքի հատվածից զորքերի հետ կանչելու մասին, և պնդեց, որ այն հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Մամիջանյանը հիշեցրեց նաեւ Սուս, Աղավնո բնակավայրերի հանձնումը, որը, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն, պետք է տեղի ունենար շատ ավելի ուշ եւ դրա հետեւանքով է, որ այսօր Ադրբեջանը հնարավորություն ունի այսօր շրջափակման մեջ դնել Արցախը:


