Ընդդիմադիրներն ԱԺ-ում հրատապ քննարկում են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովում նախաձեռնել են հրատապ քննարկում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ։ Հիմնական զեկուցողը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Թեմայի առնչությամբ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ այս հարցը արդիական է և պետք է այն բարձրաձայնել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև միջազգային մակարդակում։
«Նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։ Շուտով աշխատակազմին կփոխանցվի հայտարարության նախագիծը, որպեսզի բոլոր պատգամավորներն ունենան։ Օգտվելով հարցի հրատապությունից՝ կարծում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունն իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող այս հակամարդկային արարքի վերաբերյալ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Նա ավելացրեց, որ սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP-29 շրջանակներում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանն՝ աջակցել բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ջանքերին։
Մինասյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքները, այլ նաև իրականացնում է մարդկության նկատմամբ հակամարդկային արարք, և Հայաստանի իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն դրա վերաբերյալ։
Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրենց մոտ 23 հայ գերու առկայությունը։ Նրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։