Այսօրվա իշխանությունները Թուրքիան չգիտեն, չիմանալով հանդերձ՝ ձեզ ներկայացնում են այլ Թուրքիա, այնինչ այն շարունակում է մնալ մեզ սպառնալիք ներկայացնող երկիր․ Ռուբեն Մելքոնյան
Տարիներ շարունակ Հայաստանը հայտարարել է, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց դեմ է նախապայմաններին, և սա եղել է հստակ պետական գիծ, տարածաշրջանային խնդիրների քննարկմանը նվիրված քննարկման ժամանակ ընդգծեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«ՀՀ երեք նախագահներն էլ դեմ չեն եղել այդ հարաբերություններին, նրանք բոլորն էլ Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպելու բարդույթ չեն ունեցել, որովհետև եղել են հաղթած պետականության նախագահներ։ Թուրքիայի նախագահները, այդ թվում՝ Էրդողանը, ՀՀ նախագահների հետ հանդիպմանն ունեին բարդույթ, քանի որ հանդիպում էին իրենց եղբորը հաղթած ղեկավարների հետ, իսկ այսօր այդ բարդույթը չկա։
Այսօր Հայաստանը ներկայացնում է պարտված իշխանություն, և պարտվածի հետ հանդիպելը, արևելյան ընկալմամբ, ոչ միայն կարելի է, այլև ցանկալի, քանի որ հանդիպելով՝ ևս մեկ անգամ ամրագրում են իրենց հաղթած լինելը, միգուցե նաև՝ «վեհանձն լինելը», որ հաղթած լինելով՝ հանդիպում են պարտվածի հետ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Այս համատեքստում Հայաստանի գործող իշխանությունների քայլերն ու գործողությունները նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցածի հետ համեմատելը տեղին չէ, շեշտեց թուրքագետը։ Այդպիսի համեմատություններն, ինչպես նշեց Ռուբեն Մելքոնյանը, զուտ մեխանիկական հարթությունում են արվում, այնինչ անհրաժեշտ է տեղի ունեցողը դիտարկել այսօր ստեղծված ընդհանուր համապատկերի տիրույթում։
«Նախկինում հաղթած Հայաստանի նախագահը կարող էր ցավակցել Թուրքիայի նախագահին և օգնություն ուղարկել, բայց հիմա քո պարտության գլխավոր դերակատարներից մեկին շատ մտահոգ դեմքով ցավակցելը, գնալը, զանգելը, թվիթ գրելը և այլն, ինչո՞վ եք մեկնաբանում։ Դիվանագիտությու՞ն է։ Ո՛չ։ Դա դիվանագիտության հետ որևէ առնչություն չունի»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը՝ այսօրվա իրավիճակը բնութագրելով որպես ինքնախաբեություն, դիվանագիտության իմիտացիա, պարտության մեկ այլ դրսևորում։
«Մարդկության պատմությունը ցույց է տաիս, որ պարտված ղեկավարն ախտահարում է պետական համակարգը, շարունակելով մնալ պետության մեջ՝ ախտահարում է պետության հնարավորությունները»,- հավելեց Ռուբեն Վարդանյանը՝ հիշեցնելով՝ նախկինում դիվանագիտությամբ զբաղվում էին պրոֆեսիոնալները, և նրանց պրոֆեսիոնալիզմի կարևոր բաղադրիչներն էին հայրենասիրոթյունն ու պետականության գիտակցումը։
«Այսօր Հայաստանը դիվանագիտական սեղանի շուրջ ներկայացնում են մարդիկ, որոնք չունեն այդ հմտությունները, չունեն այդ փորձառությունը և չունեն այդ գիտակցումը։ Հետևաբար, այսօր ակնկալել հայանպաստ լուծումներ, հնարավոր չէ։
Այդ մարդիկ Թուրքիան չգիտեն, և Թուրքիան չիմանալով հանդերձ՝ պատասխանատու ամբիոններից Թուրքիան ներկայացնում են այլ կերպ, ձե՛զ ներկայացնում են այլ Թուրքիա։ Այնինչ Թուրքիան շարունակում է մնալ մեզ սպառնալիք ներկայացնող երկիր։ Որքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա կամ չժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը, ինչ նախկինում։
Թուրքիայի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, բայց փոխվել է մեր դիմադրելու ցանկությունն ու հնարավորությունը»,- ընդգծեց թուրքագետը։


