1994-ին պատերազմում հաղթեցինք, ինչո՞ւ չպարտադրեցինք. Փաշինյանը համոզված է՝ խաղաղությունը կառուցում են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ խաղաղությունը ստեղծում, կառուցում են: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի բանակի վերաբերյալ հարցին:
Փաշինյանը հիշեց իր ժամանակին արած հայտարությունը՝ «աղքատությունն իրականում մարդկանց մտքերում է», մեծ աղմուկ է բարձրացրել, սակայն ընդգծեց, որ բանակի փոփոխությունն էլ առաջին հերթին պետք է սկսել մտքի փոփոխությունից:
«Բացի ֆիզիկական փոփոխությունից, բովանդակային փոփոխությունը շատ կարևոր է»,-ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ շատ լուրջ են վերաբերվում զինվորի և սպայի բարոյական կոդեքսի խնդրին:
Վարչապետն ընդգծեց նաև պրոֆեսիոնալիզմի և սոցիալական երաշխիքի մասին:
«Ատեստավորման գործընթացը նրա մասին է, որ մենք առաջինը պետք է համոզված լինենք, որ նա, ով զինվոր է, նշանակում է, որ ունի զինվորական ու մարտական որոշակի հմտություններ, որից ներքև չի կարող լինել: Եվ երկրորդը՝ զինվորականը պետք է սոցիալական որոշակի երաշխիք ունենա: Պատկերացնո՞ւմ եք՝ 20 տարի ծառայած սպան չգիտի, թե իր երեխայի ուսման վարձն ինչպես է վճարելու կամ ինչպես է բնակարան ձեռք բերելու և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց կառավարման մոդելի հետ կապված խնդիրները, նաև սպառազինության մասին: Խորը խնդիրների լուծումն, ըստ վարչապետի, միշտ չէ, որ գումարի խնդիր է: «Մինչև այսօր չկա մի այնպիսի հարց՝ ոչ միայն բանակում, որ մենք այդ հարցը չենք լուծել այն պատճառով, որովհետև փող չկա: Չի եղել այդպիսի հարց, բացառված է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց՝ երբ փողը լինում է, երևում է, որ դա խնդրի լուծման ամենահեշտ մասն է, կան լոգիստիկ, քաղաքական, արտաքին քաղաքական և այլ խնդիրներ:
«Ես այսօր էլ եմ ասում՝ խաղաղությունը պարտադրում են: 1994-ին պատերազմում հաղթեցինք, բա ինչո՞ւ չպարտադրեցինք: Իմ կարծիքով՝ խաղաղությունը ստեղծում, կառուցում են»,-նշեց վարչապետը:


