ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Այս բարդ ժամանակներում պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների. ՀՀ նախագահը՝ վարչապետի հետ հանդիպմանը

Այս բարդ ժամանակներում պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների. ՀՀ նախագահը՝ վարչապետի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում, իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. 

«Պարոն վարչապետ, շնորհակալություն: Նախորդ հանդիպումից հետո մենք խնդիրներ ենք լուծել: Այս բարդ ժամանակներում երևի պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների, ցավոք սրտի: Այդ առումով շատ կարևոր է, որ Կառավարությունը շարունակում է իր նախատեսած ծրագրերի իրականացումը: Ուզում եմ ասել, որ հետևելով Կառավարության աշխատանքին, դա շատ կարևոր հանգամանք եմ համարում: Այսինքն՝ Կառավարությունն իր 2021-2026թթ ծրագրերի շարունակականությունն է ապահովում: Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել: Դուք անընդհատ ասում եք ինստիտուցիոնալ փոփոխությունների և պետական ինստիտուտների մասին: Երևի մեր պետության մեջ ամենամեծ բացթողումն այս 30 տարիների ընթացքում դա է եղել, որ մենք այդպես էլ չենք կարողացել կամ չենք ուզել դա անել տարբեր շարժառիթներից ելնելով, հակառակը՝ նույնիսկ առանձին դեպքերում՝ ավելի լավ էր, որ այդ բարեփոխումները, որոնք ուղղված էին պետական ինստիտուտների կայացմանը՝ չանեին: Այն աշխատանքները, որոնք կատարվում են 2018 թվականից հետո, որոնք միտված են նոր պետական ինստիտուտների ձևավորմանը, դրանք շատ դեպքերում դժվարությամբ են առաջ գնում, որովհետև նախկինում այդ արմատացած վատ ավանդույթները դժվար է փոխել:

Նախորդ մեր հանդիպմանը մենք խոսում էինք սահմանադրականության, դատական համակարգի մասին, կարծում եմ, որ Դուք շատ ավելի լավ եք պատկերացնում և գնահատում վիճակը և ամենաշահագրգիռը Դուք եք և կառավարությունը: Եվ ես համոզված եմ, որ այդտեղ մենք հաջողություն կունենանք: Մեկ դիտարկում ևս: Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաև կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարևան երկիր Թուրքիային և՛ ցավակցություն հայտնելու, և՛ օգնության պատրաստակամություն հայտնելու համար: Նաև մեր բարեկամ Սիրիայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել:

Կարծում եմ, որ մենք այլ կերպ չէինք կարող վարվել, որովհետև Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս թարմ են մեր հիշողություններում, և բացի դա դժբախտություն էր տեղի ունեցել մեր հարևան երկրում, մենք այլ կերպ չէինք կարող վարվել: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այդ որոշումների համար»:

  • Կիսվել: