Աշխարհը չի ընդունել զենքով հարցեր լուծելու քաղաքականությունը, իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը որևէ մեկը չի վերացրել, ինչու այդ մասին չի բարձրաձայնում Փաշինյանը․ Հայկ Գրիգորյան
Անընդունելի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքերը, խոսքերը ու գաղափարները, որոնք նա բարձրաձայնեց իր վերջին ասուլիսի ժամանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը։
«Միջազգային հանրությունը, այո, չի ընդունել Արցախի անկախությունը, բայց այն նաև չի ընդունել Արցախի բնակչությանը տեղահանելու Ադրբեջանի իրավունքը։ Որևէ երկիր իրավունք չունի վերջնագիր դնելու՝ դառնալ քաղաքացի կամ լքել երկիրը։ Դա չլսված վայրագություն է հենց նույն միջազգային հանրության համար, ինչու Փաշինյանը դրա մասին չի խոսում։ Աշխարհը չի ընդունել զենքով հարցեր լուծելու քաղաքականությունը, իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը որևէ մեկը չի վերացրել, բայց այն ունի պաշտպանության կարիք»,- ընդգծել է Գրիգորյանը։
Նա նաև անընդունելի է համարել ՀՀ իշխանությունների սեփական անզորության պատասխանատվությունը միջազգային դերակատարների վրա բարդելու քաղաքականությունը։ «Փաստացի, ըստ Փաշինյանի տրամաբանության, եթե միջազգային հանրությունը չի ընդունում Արցախի անկախությունը, հետևաբար այն պետք է հայաթափվի»,- նկատում է գործիչը։
Այս առնչությամբ Գրիգորյանը հանդես է գալիս մի քանի առաջարկներով․
1․ Արցախի «Զենքի ու Զինապարտության» մասին օրենքում կատարել փոփոխություններ, որով 18 տարին լրացած իգական և արական սեռի բոլոր քաղաքացիները կօժտվեն զենք կրելու իրավունքով։ «Օրենքով նաև պետք է պարտադիր դառնան ամենամսյա ռազմական վարժանքները»,- պնդում է Գրիգորյանը։
2․ Ըստ նրա նույն կարգավորումը պետք է կիրառվի նաև Հայաստանում։
3․ Նա նաև առաջարկում է Ալևի ցեղասպան նկրտումների մասին հայտարարությունների հիմա վրա միջազգային բոլոր ատյաններում շատ արագ իրավական ընթացակարգեր սկսել։
4․ Գրիգորյանը նաև գտնում է, որ ստեղծված իրավիճակը պետք է օգտագործել Արցախի անկախության պահանջը բարձրաձայնելու համար։
«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդը նաև անընդունելի է համարում Ռուսաստանի վրա հույս դնելը։ «Պետք է գտնել Ադրբեջանին ու Թուրքիային թշնամական տրամադրված երկրներ և բոլորից աջակցություն ստանալ փոխադարձ շահերի վրա հիմնված դաշնակցային կապերի միջոցով, իսկ նման երկրներ շատ են»,- նկատում է Գրիգորյանը։


