Արմեն Գրիգորյանը ստում է․ Հայկ Մամիջանյան
Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց էր տվել, որում հստակ սուտ է ասել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ըստ իմ տեղեկությունների ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։ Դրա մասին մենք կարող ենք խոսել բաց աղբյուրներից ելնելով, և երկրորդ՝ ես ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ»,- ասաց պատգամավորը։
Մամիջանյանն անդրադարձավ նաև ռուս խաղաղապահների գործողություններին՝ նշելով․
«ՀՀ քաղաքացիները ունեն ակնկալիքներ մեր ռազմավարական դաշնակցից, մենք ունենք ակնկալիքներ նաև մեր միջազգային գործընկերներից։ Փաստենք, որ թե՛ խաղաղապահ առաքելության և թե՛ միջազգային դատարանի որոշումը փաստացի խնդիրներ է առաջացնում։ Հիմա, եթե երկու գործիք կա, երկուսի արդյունավետությունից էլ մենք այդքան գոհ չենք, գուցե գործիք բանեցնող հայկական կո՞ղմն է մեղավոր։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ այս ամեն ինչի մեղավորը նստած է Հանրապետության հրապարակում ու փորձում է սլաքներն ուղղել այլ ուղղությմաբ»։
Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀ ձախողումների միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականությունն է։


