ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Արգիշտի Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի համար. ՏԿԵ նախարար

Արգիշտի Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի համար. ՏԿԵ նախարար

Վաղարշապատի համայնքապետի մեր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Դիտարկմանը, որ Վաղարշապատ եւ Խոյ համայնքները միավորվում են այն պատճառով, որ Մեխակյանը, լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար, կարող է ՔՊ-ին այնտեղից «ձայներ բերել», Խուդաթյանն ասաց. «Ոչ, այդ նպատակով չի արվում, մենք գնում ենք համայնքների միավորման գործընթացին ։Դա արվում է հետևյալ տրամաբանությամբ. խոշոր համայնքային միավորները ավելի հեշտ և ավելի էֆեկտիվ են կառավարելու տեսանկյունից։

Վաղարշապատը մեր միակ համայնքն է, որը այս տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր։ Հիմա մենք փորձում ենք այս ձևով բերել նույն տրամաբանության մեջ»։

Հարցին՝ ինչո՞ւ այդ խոշորացումը չեն արել 2021–ին, այլ հիմա որոշեցին գնալ այդ քայլին, ՏԿԵ նախարարն ասաց. «Մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում և 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերամիավորվելու են։ Սա շարունակական պրոցես է և պայմանավորված չի ինչ-որ քաղաքական հանգամանքներով»։

 

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է ՔՊ–ի ընտրությունը կանգ առել Արգիշտի Մեխակյանի վրա՝ հաշվի առնելով, որ նա կես տարի էլ չկա, ինչ նշանակվել է Արմավիրի մարզպետ, Խուդաթյանը նշեց. «Պարոն Մեխակյանը լավագույն թեկնածուն է Վաղարշապատի համար, հենց նույն այն տրամաբանության մեջ, որ ինքը թերևս միակ մարդն է, որը կառավարման պրոցեսին որպես ղեկավար մասնակցել է և Խոյ համայնքում որպես համայնքի ղեկավար, և Վաղարշապատում, որպես համայնքի ղեկավարի տեղակալ։ Նա քաջատեղյակ է համայնքի խնդիրներին, և որպես իմ նշած պաշտոններում աշխատելով, և որպես Արմավիրի մարզպետ, և դրանից առաջ որպես Արմավիրի փոխմարզպետ, և ես կարծում եմ, որ Էջմիածնեցիները, Խոյ համայնքի գյուղական բնակավայրերի ներկայացուցիչները ավելի լավ ընտրություն չունեն, քան պարոն Մեխարյանը։

 

Պարոն Մեխակյանը գլխավորելու է մեր նախընտրական ցուցակը»։

  • Կիսվել: