Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագով դեռ նոր անձինք են հայտնաբերվում. Վարդապետյանը մանրամասնում է
Ունենք դատարան ուղարկված մի քանի նմանատիպ գործեր, որոնց մի մասը չի հրապարակվել, որովհետև «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» նշագրման ներքո են եղել: Բնականաբար, դրանց մասին խոսել չեմ կարող: Վերհիշելով՝ ասեմ՝ առնվազն 5-ը հիմա կմտաբերեմ տարբեր փուլեր [իշխանության յուրացման], բայց բոլորը նախապատրաստական գործողություններին են վերաբերում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 7-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր զենքի գործադրմամբ իշխանության յուրացման քանի՞ բացահայտված դեպք է եղել:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի գործողությունների մասնակիցների անձանց մասով մինչ օրս դատարան ուղարկվող վարույթներ ունենք: Բոլորովին վերջերս 10 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված գործն ուղարկվեց դատարան, և դեռևս ընթացքի մեջ է այն ժամանակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի վրա կատարված մահափորձի դրվագը, և նոր անձինք են հայտնաբերվում, որոնք մասնակցություն են ունեցել այդ գործընթացին: Այսինքն՝ քանի որ 2020 թվականը մեծածավալ դրվագ է, 2000 չէ, բավականին շատ թվով անձինք են, և շարունակաբար դեռևս ուղարկվում են դատարան առանձին դրվագներ:
Ունենք դատական ակտեր կեցավայրի վրա կատարված հարձակման, կողոպուտի, ունենք դատապարտումներ, որոնց վերաբերյալ էլի կան հրապարակումներ: Բայց եթե առնվազն մտովի փորձեմ վերհիշել ոչ գաղտնի և գաղտնի վարույթներով, 5-ը կհիշեմ, որ այս պահին ուղարկել ենք դատարան տարբեր անձանց ներգրավմամբ, այդ թվում՝ ոչ ՀՀ-ում հավաքագրված, բոլորը նախապատրաստական փուլերում՝ բացահայտված ու կանխված»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ մայիսին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը նշել էր, որ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում է, սկզբի օրվանից ակտիվ քննչական գործողություններ են կատարվել, և առաջին 1-2 ամիսներին մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, արդեն իսկ կան մեղադրական դատավճիռներ: ՔԿ նախագահը հավելել էր, որ կոնկրետ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել էր, և այդ մասով էլ էր դատարան ուղարկվել: