երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Աննիտա Դեմետրիուն հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնում հաստատված ընտանիքներին

Աննիտա Դեմետրիուն հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնում հաստատված ընտանիքներին

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված ընտանիքներին, ովքեր «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն՝ ջերմատներ, իրենց տնտեսապես կայունացման և սոցիալական վերաինտեգրման համար։
 
«Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացվում է Կիպրոսի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի ֆինանսավորմամբ։ Այդ միջոցներով էլ 2024 թ․-ի նոյեմբերի 1-ից սկսած հիմնադրամը կարողացել է հաջողությամբ իրականացնել նախաձեռնության բոլոր փուլերը՝ կաթիլային ոռոգման համակարգերով հագեցած ջերմատների կառուցումից մինչև սերմերի և սածիլների տրամադրում ընտանիքներին։ Զուգահեռաբար անցկացվել են նաև տեսական և գործնական դասընթացներ շահառու ընտանիքների հետ, տրամադրվել է անհատական խորհրդատվություն մասնագետների կողմից՝ ջերմատնային տնտեսության արդյունավետ վարման նպատակով։
 
Տիկին Աննիտա Դեմետրիուին ներկայացվեցին տարված աշխատանքի ծավալները և ընթացիկ արդյունքները։ Նա ծանոթացավ շահառու ընտանիքների հետ, անմիջական զրույցի ընթացքում լսեց նրանց պատմություններն ու խոչընդոտները, որոնց ստիպված են եղել բախվել տեղահանման պատճառով, խրախուսեց նրանց աշխատասիրությունն ու ստեղծելու, արարելու մեծ մղումը։

  • Կիսվել: