Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց
Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը՝ ստեղծել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննելու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ։
Առաջարկին կողմ է քվեարկել 28, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ նշելով, որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի և կարող է խոչընդոտել մշտական էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ընդգծել էր, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը կարող է ստեղծել անհավասար պայմաններ և սուբյեկտիվ մոտեցումներ։ Նա նշել էր, որ իշխող խմբակցությունը նախաձեռնել է էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց՝ նպատակ ունենալով ապահովել օբյեկտիվ և ինստիտուցիոնալ մոտեցում պատգամավորների վարքագծի հարցերում։
Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծում նշվում է, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար հիմք է հանդիսացել 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում գրանցված միջադեպը, երբ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասել էր «շուրթերդ մաքրիր» և արգելել կանգնել իր կողքին՝ նշելով, որ «դուք լրագրող չեք»։ Ընդդիմադիր խմբակցությունները սա գնահատել են որպես անհարգալից և խտրական վերաբերմունք։