Ալեքսանյանը ընդդիմադիրներին հիշեցրեց Վազգեն Մանուկյանի մասնակցությամբ տեսանյութը
«Ինձ շատ զարմացրեց, որ ընդդիմությունն ասում է, մեր երկրում բռնության իրո՞ք այդքան շատ դեպք կա»,- ԱԺ այսօրվա նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի՝ ընտանեկան բռնության վերաբերյալ այն դիտարկմանը, թե իրո՞ք Հայատանում ընտանեկան բռնության ցուցանիշները բարձր են։ Հիշեցնենք, որ այսօր ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացնում էր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է 560 մլն դրամ հատկացնել ընտանեկան բռնության զոհերի հսկողության համար։ Սարգսյանը նշել է, որ միայն 2022-ին գրանցվել է ընտանեկան բռնության 1547 դեպք։
Ալեքսանյանը հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորներին, ինչու՞ են նրանց զարմացնում այս ցուցանիշները․ «Մտովի տեղափոխվենք 2020թ-ի դեկտեմբեր ամիս, այս մարդիկ (մեկնելով ձեռքը ընդդիմադիր պատգամավորներին), հայտարարել են, որ սկսում են Հայրենիքի փրկության շարժում, վարչապետի թեկնածու են առաջադրում Վազգեն Մանուկյանին»։
Ալեքսանյանը պատգամավորներին ներկայացրեց Վազգեն Մանուկյանի մասնակցությամբ մի տեսանյութ և մեկնաբանեց այն․ «Այստեղ մարդն ասում է՝ ՀՀ-ում կան 10 տոկոս անասունների ընտանիքներ, ձեր վարչապետի թեկնածուն է ասում։ Հետո աղմուկ է բարձրանում, ասում են՝ էս մարդը ի՞նչ է խոսում, հո հիվանդ չէ՞։ Ձեր շարժման անդամները մեկնաբանում են տեսանյութը, որ Վազգեն Մանուկյանի ասած 10 տոկոս անասունների ընտանիքները վիճակագրական տվյալների մասին է, այն ընտանիքների մասին է, որտեղ կանայք ու երեխաները ենթարկվում են ընտանեկան բռնության։ Ինձ մոտ այս դիսոնանսը կարծում եմ՝ շատ բնական է, երկու տարի առաջ ձեր առաջնորդն ասում է ՀՀ-ում 10 տոկոս անասունների ընտանիք կա, գլուխը պատին է տալիս, իհարկե, որ տենց բան է ասում, հիմա դուք ասում եք ընտանեկան բռնության այդ թիվը իրակա՞ն է։ Ձեր վարչապետի թեկնածուն 300․000 հոգու մասին էր ասում»։


